Խաչիկ Չախոյան, Sputnik.
2017 թվականի ամառը խոստանում է դառնալ տրանսֆերների համար հատկացվող ամենաթանկարժեքն ու ռեկորդայինը: Թոփ ակումբները գումար չեն խնայում իրենց կազմերը ուժեղացնելու համար: Ուժեղ մրցակցություն է ընթանում այս կամ այն ֆուտբոլիստին ձեռք բերելու համար: Բայց միևնույն է՝ նույնիսկ լուրերի տեսքով այդ մրցավազքում էլ կան առաջատարներ:
2016 թվականին Պոլ Պոգբայի տեղափոխության համար «Մանչեսթեր Յունայթեդը» վճարեց 105 մլն եվրո: Այդպիսով գերազանցվեց Գարեթ Բեյլի տրանսֆերային ռեկորդը, որը սահմանել էր Մադրիդի «Ռեալը» 2013 թվականին՝ 101 մլն եվրոյով գնելով ուելսցու տրանսֆերը «Տոտենհեմից»: Աստղաբաշխական գումարների հատկացումը ֆուտբոլիստների համար շարունակվում է նաև ներկայումս: Արդեն 50-60 միլիոնանոց տրանսֆերները ընդունվում են որպես սովորական: Ֆուտբոլը հերթական անգամ դառնում է հզոր շուկա, որի մեջ իրենց կամքն են թելադրում հարուստները:

Խաղային շատ մարզաձևերում տրանսֆերները սովորական երևույթ են ու տափօղակով հոկեյում, բասկետբոլում մեծ գումարների հատկացումը ուղղակի փաստի արձանագրում է: Բայց մեծ գումարներ, հիմնականում, ծախսվում են օվկիանոսից այն կողմ: Հոկեյի ազգային Լիգայում կամ Բասկետբոլի ազգային ասոցիացիայում: Իհարկե, հաշվի են առնվում շատ հանգամանքներ մարզիկների տեղափոխությունների համար ահռելի գումարներ ծախսելու համար: Սպորտը արդեն վերածվել է շոուի կամ աստիճանաբար վերածվում է դրան:
Եվրոպայում, հիմնականում, ֆանտաստիկ գումարներ ծախսվում են ֆուտբոլում: Ու արդեն մարդիկ սովորականի նման են ընդունում այն առաջարկները, ըստ որոնց ֆուտբոլիստը մեկ ակնթարթում մեկ ակումբից այլ ակումբ տեղափոխվելու դեպքում դառնում է ոչ թե միլիոնատեր, այլ մուլտի միլիոնատեր: Սա է իրականությունը: Եվ ոչ ոք այլևս չի զարմանում: Բայց տրանսֆերային շուկայում էլ կան առաջատարներ, որոնց համար գումարը խնդիր չէ. արքայական «Ռեալը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին», ՊՍԺ-ն, «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը»:
Օրինակ՝ «Բավարիան», լինելով եվրոպական ֆուտբոլի գրանդ ակումբներից մեկը, տրանսֆերների համար հատկացվող կամ ծախսվող գումարներով չի կարող համեմատվել վերը նշված թիմերի հետ, չնայած՝ նույնպես ունենում է ձեռքբերումներ և կորուստներ: Նույնը վերաբերում է նաև «Յուվենտուսին», «Միլանին», «Արսենալին» կամ «Լիվերպուլին»: Այս թիմերում հնարավոր է մեկ տրանսֆեր, որի համար կհատկացվի շատ մեծ գումար, բայց՝ ոչ ավելին:
Հիմա անընդհատ տեղեկություններ են հաղորդվում արդեն աչքի ընկած շատ ֆուտբոլիստների տեղափոխությունների մասին: Մասնավորապես, ՊՍԺ-ն դեռևս շարունակում է պայքարել Նեյմարին իր կազմում տեսնելու համար ու պատրաստ է վճարել հատուցման գումարը, որը հավասար է 222 մլն եվրոյի: «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» պայքարում են Կիլիան Մբապեյի տրանսֆերի համար, ու այս պահի դրությամբ արքայական ակումբի առաջարկությունը գերազանցում է քաղաքացիների «հայտին»՝ 162 մլն ֆունտ՝ 144 մլն-ի դիմաց:

Ընդ որում, «Մանչեսթեր Սիթին» արդեն ունի ռեկորդներ՝ սահմանած պաշտպանների տրանսֆերների համար հատկացված գումարների առումով: Գվարդիոլան լրիվ թարմացնում է իր թիմի պաշտպանությունը ու իր խաղաոճը զարգացնելու համար ձեռք է բերում եզրային արագաշարժ պաշտպանների:
Սակայն ակումբների տրանսֆերային քաղաքականության մեջ զգալի տարբերություն, ամեն դեպքում, նկատվում է: «Ռեալը», միշտ էլ իր կազմում ունենալով ուժեղ ֆուտբոլիստներ, նպատակին հասնում է ոչ միայն տրանսֆերներ ձեռք բերելով, այլ նաև վաճառելով: Ալվարո Մորատային և Դանլոյին վաճառելով՝ արքայական ակումբն արդեն ունի այն գումարի կեսը, որը առաջարկում է Կիլիան Մբապեյի համար: Իսկ մյուս ակումբներն ավելի շատ թանկարժեք խաղացողներ գնում են, քան վաճառում:

Տրանսֆերներին հետևելով՝ հարց է առաջանում, թե ինչ է սպասվում ֆրանսիական «Մոնակոյին» 2017-18 թվականի մրցաշրջանում: Ֆրանսիական թիմը Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունում հասնելով կիսաեզրափակիչ՝ իր վրա բևեռեց հզորների ուշադրությունը, ու ամառային տրանսֆերային շուկայի ժամանակ արդեն կորցրել է իր մեկնարկային կազմի առանցքային շատ ֆուտբոլիստների: Բայց, միևնույն ժամանակ, բավականին շատ գումար է վաստակել: Հիմա նորից նոր թիմ կառուցելու անհրաժեշտություն կա: