ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Մայրաքաղաքի խանութներից մեկում առևտուր արած կինը, որին պատահմամբ շատ խոշոր չափի գումար են վերադարձրել որպես մանր, ինքնակամ ներկայացել է ոստիկանություն ու վերադարձրել դրամը։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնել են ոստիկանությունից։
Ավելի վաղ ոստիկանությունը փնտրում էր ոչ բարեխիղճ գնորդին, որին հագուստի խանութում պատահաբար շատ խոշոր գումար են վերադարձրել որպես մանր։
Օգոստոսի 2-ին Ոստիկանության Էրեբունու բաժին դիմած աղջիկը հայտնել էր, որ առևտրի կենտրոնի հագուստի խանութներից մեկում, որտեղ ինքը գանձապահ է աշխատում, գնորդից վերցրել է 50 հազար դրամ։
Ոստիկանությունից հայտնել էին, որ գանձապահը համակարգչում 50 հազարի փոխարեն մուտքագրել էր 500 հազար դրամ ու գնորդին վերադարձրել էր 475 հազար դրամ՝ 25 հազար դրամի փոխարեն։
«Կինն ինքնակամ վերադարձրել է գումարը։ Նա իր արարքը բացատրել է շփոթվածությամբ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ոստիկանության տեղեկատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը՝ նշելով, որ քրեական գործ չի հարուցվել, կինը հեռացել է։