ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի–Sputnik. Դերասան, հումորիստ Գրիգոր Դանիելյանի համար «Բազե» ամենամյա համահայկական երիտասարդական հավաքը ճակատագրական է եղել։ Այստեղ նա հանդիպել է իր ապագա կնոջը, շատ շուտով էլ կնշեն իրենց ամուսնության 10–ամյակը։
Այս տարի դերասանը դարձել է «Բազեի» գեղարվեստական ղեկավարը։ Ասում է` ունի գաղափարներ, որոնք նոր շունչ կտան նախագծին։
«Հենց առաջին օրը շնորհանդես է լինելու, յուրաքանչյուր ճակատ ներկայացնելու է Հայաստանն իր տեսանկյունից, թե ինչպիսին է տեսնում Հայաստանն ապագայում։ Դրանք նախապես պատրաստվում են, որ հենց առաջին օրը վարչապետի այցի ժամանակ ցուցադրենք, դրանով փորձենք օգտակար լինել նաև քաղաքական գործիչներին, փորձենք կրեատիվն աշխատեցնել»,–պատմեց Գրիգոր Դանիելյանը։
«Բազե»–ի մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով։ Ամեն ջոկատ ներկայանալու է 9 հոգանոց կազմով։ Այս տարի ամեն ճակատում լինելու է 15 ջոկատ։ Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցելու է 405 երիտասարդ։ Մասնակիցներ կան պետական ու ոչ պետական բուհերից, կան լրագրողական, Սփյուռքի, Ջավախքի, Արցախի ու Փյունիկի ջոկատներ։
«Ինտրիգն ամենակարևոր բանն է «Բազեում»։ Կա շատ մեծ մրցակցություն, թե ով է հաղթելու։ Կատաստրոոֆիկ պայքար է տեղի ունենում»,–ասաց նա։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանի բնորոշմամբ` «Բազե»–ն ասոցացվում է ուժեղ երիտասարդության հետ։
«Այդ 7 օրվա յուրահատուկ ստուգատեսն իր մեջ կրում է ընկերասիրության, թիմային աշխատանքի, միևնույն ժամանակ սեփական ոլորտում աչքի ընկնելու հնարավորությունը։ Դա էլ «Բազե»–ն դարձնում է բրենդ»,–ասաց Պողոսյանը։

«Բազե» համահայկական երիտասարդական հավաքն այս տարի հագեցած կլինի նաև սպորտային միջոցառումներով։ Լող, սեղանի թենիս, բազկամարտ, շախմատ, վոլեյբոլ, ֆուտբոլ. այս և այլ սպորտաձևերի մրցաշարերն անցնելու են ազգային ֆեդերացիաների հետ համագործակցելով։
«Այս տարի երկու էստաֆետներ ենք ավելացրել։ Մի մրցման ժամանակ կմասնակցեն միայն աղջիկները, որպեսզի պահպանենք գենդերային հավասարությունը։ Ցանկանում ենք, որ աղջիկներն էլ ներգրավված լինեն սպորտային միջոցառումներում։ Նաև «paintball» մրցումն ենք ավելացրել»,–ասաց «Բազե» երիտասարդական հավաքի մարզական ղեկավար Գրիգորի Ամբարյանը։
Տեղեկացնենք, որ այս տարի «Բազեն» դառնում է 15 ատարեկան։ Միջոցառման կազմակերպիչները վստահեցրին` հոբելյանական տարին կնշեն հավուր պատշաճի։