Դավիթ Թորոսյան. «Ցանկանում եմ` Բաչկովն աշխարհի չեմպիոն դառնա»

© armnocОваннес Бачков
Ованнес Бачков - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Համբուրգում կայանալիք աշխարհի առաջնության մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 5-ից 17-ը Հայաստանի բռնցքամարտի հավաքականը, գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ղեկավարությամբ Օլիմպավանում ուսումնամարզական հավաք է անցկացնում: Օգոստոսի 25-ից սեպտեմբերի 2-ը Գերմանիայի Համբուրգ քաղաքում կանցկացվի աշխարհի առաջնությունը:

«Համբուրգում երկու մասնակից կունենանք` Կարեն Տոնականյանը (60 կգ) եւ Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը (64 կգ): Նրանք այդ իրավունքը նվաճել են Խարկովում կայացած Եվրոպայի առաջնությունում: Հավաքներին ընդլայնված կազմով ենք մասնակցում, ներգրավված են մոտ 25 բռնցքամարտիկներ, այդ թվում երկու աղջիկներ` Անուշ Գրիգորյանն ու Անժելիկա Ստեփանյանը: Երկուսն էլ հանդես են գալիս 52 կգ քաշային կարգում, Անժելիկան` պատանիների տարիքային խմբում»,- Հայաստանի ազգային օլիմպիակ կոմիտեի մամուլի ծառայությանը հայտնել է հավաքականի գլխավոր մարզիչը:

Նա նշել է, որ գոհ է բռնցքամարտիկների մարզումներից: Նրանց հաջողվել է լավ մարզավիճակ ձեռք բերել:

«Հովհաննես Բաչկովը բարդ մրցաշար է անցկացրել Խարկովում, կարծում եմ՝ Համբուրգից առաջ կարողացել է լիարժեքորեն վերականգնվել: Շատ կցանկանամ` Բաչկովն աշխարհի չեմպիոն դառնա»,- շեշտել է Թորոսյանը:

Նրա խոսքով` պայմաններն Օլիմպավանում ուղղակի հրաշալի են:

«Աշխատում ենք տեխնիկատակտիկական գործողությունների վրա: Կարելի է ասել` ռինգից չենք հեռանում»,- ասել է նա:

Բռնցքամարտիկները Համբուրգ կմեկնեն օգոստոսի 21-ին, և, գլխավոր մարզչի խոսքով, կաշխատենք արժանի կերպով ներկայացնել մեր երկիրը միջազգային ասպարեզում։

 

Լրահոս
0