Լիլիթ Հարությունյան, Sputnik.
Խորովածի 9-րդ փառատոնը, որը լի էր անակնկալներով, երեկ Լոռու մարզի Ախթալա քաղաքում էր մեկտեղել ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրացի խորովածասերներին: Նույնիսկ կիզիչ արևը չէր խանգարել, որ նրանք հրաժարվեն «համեղ» տոնից: Երևանի և մարզերի շուրջ 40 ռեստորանների ներկայացուցիչներն իրենց վարպետությունը ցուցադրելու համար ժամանել էին Ախթալա, որն, ի դեպ, երկու տարի առաջ խորովածի համաշխարհային մայրաքաղաք էր հռչակվել:

«Ո՞րն է խորովածի պատրաստման ձեր գաղտնիքը», — հարցրինք մանղալի մոտ կանգնած շեֆ–խոհարարին: «Այս գործում գաղտնիք չպետք է լինի, ամեն ինչ արվում է ավանդական ձևով` աղ, պղպեղ, և վերջ: Կարևորը միսը շատ չեփի, այն պետք է հյութալի մնա», — պատասխանեց նա:
Օտարերկրացիներն էլ մսի ու բանջարեղենի տեսականին դասավորել էին իրենց ափսեներում ու փորձում էին ստվերոտ տեղ գտնել խորովածը վայելելու համար:
- Որտեղի՞ց եք:
– Իտալիայից։
– Հայկական խորոված սիրու՞մ եք։
– Այնքան, որ հատուկ դրա համար եկել ենք այստեղ։ Անցյալ տարի փառատոնին մեր ընկերներն են մասնակցել, նրանք էլ հենց պատմել են մեզ այդ մասին։ Եվ ահա մեկ տարի անց մենք ենք այստեղ։
Նրանք հաստատ հիասթափված չեն հեռանա, որովհետև, բացի համեղ խորովածից, փառատոնի հյուրերի համար նաև շոու–ծրագիր ցուցադրվեց։ Հատուկ հարմարեցված բեմում նախ հայտնվեց հայտնի The Beautified Project ռոք–խումբը, այնուհետև այլ կատարողներ։ Միջոցառման հյուրերի համար հանդես եկան նաև երգչուհիներ Մարիամ Պետրոսյանն ու թուրքահայ Սիբիլը։ Ազգային երգ ու պարով համեմված փառատոնը հյուրերին ձանձրանալու ժամանակ չթողեց։
Տեղի բնակիչներն անհամբերությամբ են սպասում ամենամյա փառատոնին, որն առանձնակի աշխուժություն է մտցնում առօրյա կյանքի մեջ։ Տասնամյա Նարեն խոստովանեց, որ շատ է սիրում այս միջոցառումը և ամեն տարի ընկերուհու հետ այստեղ է գալիս խաղալու և պարելու։
Միջոցառման հատուկ հյուրն էր նաև բրիտանացի շոումեն և հումորի վարպետ Կև Օրքյանը, որն աշխատում է «Armenia Uncovered» ֆիլմի վրա։ Նրա ապագա ֆիլմում ներկայացված կլինի խորովածի 9-րդ փառատոնը։

Այստեղ էր նաև Հայաստանի ամենահայտնի հարսներից մեկը` հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանի ապագա կինը` Արիանա Կաոլին։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ ընդգրկված է ժյուրիի կազմում։
«Նման միջոցառումը կազմակերպելը հիանալի գաղափար է», – ասաց Արիանան։
Ժողովուրդն ուրախանում էր, իսկ ժյուրին հաշվում միավորները։ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ–ի նախագահ Սեդրակ Մամուլյանը, հաղթողների մրցանակները հանձնելիս նշեց` Խորովածի 9-րդ փառատոնի առանձնահատկությունն այն էր, որ գրեթե բոլոր մասնակիցները բարձր միավորներ են ստացել, այսինքն լավ արդյունքներ են ցույց տվել։
Նշենք, որ մրցանակները շնորհվեցին 3 անվանակարգում` «Լավագույն ձևավորում», «Լավագույն համ» և «Լավագույն գաղափար»։
Միաժամանակ երեք անվանակարգի հաղթող ճանաչվեց Երևանի «Լուսաբաց» ռեստորանը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ռեստորանի շեֆ–խոհարարը նշեց, որ «Լուսաբացն» առաջին անգամ չէ, որ Ախթալայում կազմակերպվող Խորովածի փառատոնի հաղթող է դառնում։