Հրապարակ. «Դանիայում ՀՀ արդեն նախկին դեսպանը խիստ վիրավորված է իշխանություններից»
«Երեկ գիշեր Ալիկ Արզումանյանը մեկնեց Դանիա՝ ստանձնելու ՀՀ նոր դեսպանի պարտականությունները, որոնք դյուրին չեն լինելու: Բանն այն է, որ Հրաչյա Աղաջանյանը՝ 2011-ից այս երկրում մեր դեսպանը, ով նաև հաջողակ բիզնեսմեն է և իր միջոցներով էր հիմնականում պահում դեսպանատունը, արդեն մեկնել է երկրից: Մեր տեղեկություններով, նա սարսափելի վիրավորված է իր հանդեպ ՀՀ իշխանությունների վերաբերմունքից և իր հետ Դանիայից տարել է նաև դեսպանատան գույքը, որն իր միջոցներով է ձեռք բերել: Դեսպանատան աշխատակիցները վստահ չեն, որ աշխատակազմը կպահպանվի, քանի որ բյուջեի սղություն կա, իսկ Արզումանյանը, բնականաբար, անձնական ներդրումներ չի անելու»,-գրում է թերթը:
Հայկական ժամանակ. «Հարյուրավոր փաստաբաններ պատրաստվում են գործադուլ անել»
«Հայկական ժամանակը» գրում է.
«Սեպտեմբերի 13-ին դատարանի շենք մտնելիս խուզարկության ենթարկվելու համար մի քանի տասնյակ փաստաբան կդիմի ծայրահեղ քայլի՝ գործադուլի: Մեր տեղեկություններով, գործադուլին կմասնակցի 100-ից ավելի փաստաբան:
Նշենք, որ փաստաբաններին իրենց խուզարկությունը վրդովեցրեց հատկապես «Սասնա ծռերի» գործով դատական նիստերի ժամանակ՝ «Սասնա ծռեր» խմբի գործը դատարան ուղարկելուց հետո դատարաններում սկսեցին զննել փաստաբաններին: Նրանց պնդմամբ, սակայն, դա ոչ թե զննություն է, այլ՝ խուզարկություն: Այս պատճառով մի քանի փաստաբան տևական ժամանակ է չեն կարողանում մտնել նիստերի դահլիճ, քանի որ հրաժարվում են բացել իրենց պայուսակը: Գործադուլին մասնակցել պատրաստվող փաստաբան Միհրան Պողոսյանը մեր զրույցում ասաց, որ դատական համակարգը, ի դեմս դատական կարգադրիչների, ապօրինի պահանջներ է ներկայացնում փաստաբաններին. «Ինձ խուզարկելու դեպք այս պահին դեռ չի արձանագրվել, սակայն, կարծում եմ, որ փաստաբաններն այս հարցով պետք է դրսևորեն միասնականություն»: Մեր հարցին, թե որքան կտևի գործադուլը, Միհրան Պողոսյանն ասաց, որ տվյալ պահին որոշված է սեպտեմբերի 13-ը. «Իմ սուբյեկտիվ կարծիքով արդյունքի չհասնելու դեպքում պետք է գործադուլի տևողությունը երկարացվի»: Հարցին, թե այնուամենայնիվ կարո՞ղ են գործադուլով դրական արդյունքի հասնել, Պողոսյանն ասաց. «Գործադուլը ծայրահեղ միջոց է, սակայն այս պարագայում այլ տարբերակներն արդյունավետ չեն լինի»»,-գրում է թերթը:
Հրապարակ. «Սամվել Ալեքսանյանն ընդլայնում է իր բիզնեսը»
«Հրապարակը» գրում է.
«Մենք գրել էինք, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մի քանի ամիս առաջ գնել է Արտաշատի մեխանիկական-փորձարարական գործարանը: Թե ինչ պիտի արտադրի գործարանը՝ պարզել չէր հաջողվել: Խորհրդային տարիներին այն արտադրում էր մետաղական պահեստամասեր և զենքի մասեր: Ինչպես պարզեցինք՝ այս օրերին հիմնանորոգվող գործարանում օլիգարխը մտադիր է տեքստիլի հումք արտադրել՝ ընդլայնելով տեքստիլի արտադրության իր բիզնեսը: Մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի գործարանը, որն օրական մոտ 15 տոննա կտոր է արտադրելու: Սամվել Ալեքսանյանը, բացի այս, գնել է նաև Արտաշատում գտնվող մեկ այլ գործարան՝ տրիկոտաժի ֆաբրիկան, որտեղ էլ տնային տեքստիլ ու սրբիչներ են արտադրելու:
Ստացվում է՝ մի գործարանում տեքստիլի հումքն է արտադրելու, մյուսում՝ տեքստիլը: Մինչ այս օլիգարխը տեքստիլի հումքը ներմուծում էր դրսից՝ Ուզբեկստանից, ՌԴ-ից, Եվրոպայից: Նշված 2 գործարանը, հիշեցնենք, պատկանում էին Հովիկ Աբրահամյանին: Արտաշատում այս օրերին լուրեր են շրջում, թե նախկին վարչապետը վաճառքի է հանել նաև մեկ այլ՝ Արտաշատի պահածոների գործարանի իր բաժնեմասը (մյուս բաժնետերը նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի որդին է): Գնորդը, ըստ շրջանառվող լուրերի, դարձյալ Ալեքսանյանն է: Լուրի իսկությունը ճշտելու համար դիմեցինք Ալեքսանյանին պատկանող ընկերություններից մեկին, որտեղից հայտնեցին, թե անձը, ով իրավասու է պատասխանել այս հարցին, արձակուրդում է՝ եկող շաբաթ կվերադառնա»,-գրում է թերթը:
Հայկական ժամանակ. «ԱՄՆ–ն մեղադրում է ՌԴ–ին»
«Հայկական ժամանակը» գրում է.
ԱՄՆ պետքարտուղար Ռեֆս ԹիլերսոնըՄոսկվային մեղադրել է աֆղանական «Թալիբան» շարժմանը զենք մատակարելու մեջ։ Այդ մասին տեսանյութը հրապարակվել է Պետդեպի կայքում։ Նա անդրադարձել է այս խնդրին` պատասխանելով լրագրողի հարցերին, սակայն չի ներկայացրել Ռուսաստանի ու «Թալիբանի» միջև սպառազինությունների գործարքին վերաբերող որևէ ապացույց։ Ռուսաստանը զենք է մատակարարում «Թալիբանին», ինչը հանդիսանում է ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի նորմերի խախտում։ Մենք դեմ ենք արտահայտվում դրան և կոչ անում ռուսական կողմին ուշադրություն դարձնել այդ հարցին», – ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ–ն անհիմն մտացածին էր համարել ամերիկյան կողմի մեղադրանքները։ Մոսկվան նշել էր, որ ո՛չ ԱՄՆ, ո՛չ ՆԱՏՕՆ– ն, ոչ էր աֆղանական իշխանություններն այդ մեղադրանքները հաստատող որևէ ապացույց չեն ներկայացրել։