ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Փոքրիկ Հայկուհին մոր գրկում հպարտությամբ այս ու այն կողմ էր նայում. երևի հայրիկին էր փնտրում։ Առավոտից մայրն ու տատիկը նրան պատրաստել էին, զինվորական համազգեստ հագցրել, որ լեյտենանտ հայրիկին անակնկալ մատուցեն։ Մարատ Գևորգյանը հեռվից տեսավ դստերն, ու ծնկները դողացին։ Արագ հասավ փոքրիկին ու ամուր գրկեց։ Հետո խոսքերը չբավականացրին, նախընտրեց լռել։ Նրա փոխարեն կինն արտահայտվեց` հպարտ է, որ ամուսինն ընտրել է զինվորականի ուղին։
«Արդեն որոշել ենք` աղջիկս էլ կբռնի հոր ուղին, ցանկանում ենք, որ նա էլ ռազմական բժիշկ դառնա»,- ոգևորությամբ պատմեց Մարատի կինը` Քնարիկը։

Մյուս կողմում էլ մեջքը ուղիղ, հայացքը հեռուն սևեռած կանգնած էր Արտյոմ Բալայանը։ Վիճակահանությամբ որոշվել է` ծառայությունը շարունակելու է Արցախում։ Գոհ է, չնայած ընտանիքի անդամները երկար ժամանակ դեմ էին նրա որոշմանը։
«Սկզբում բոլոր ընտանիքներում էլ տարաձայնություններ են լինում, բայց ժամանակի ընթացքում համակերպվում են և ընդունում քո որոշումը։ Հարկ եմ համարել իմ ներկայությունն ապահովել հայկական բանակում։ Ես եմ ընտրել այս ճանապարհը ու պատրասվում եմ երկար շարունակել»,- ասաց լեյտենանտը։
Այսօր ՀՀ ՊՆ հրամանով 279 շրջանավարտների շնորհվեց առաջին սպայական «Լեյտենանտ»-ի կոչում: Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտները ստացան իրենց ավարտական փաստաթղթերը և դաշույնները, որոնք նրանց հանձնեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱԱԽ անդամները:

«Կասկած չունեմ, որ դուք առաջին հերթին լինելու եք խստապահանջ ինքներդ ձեր նկատմամբ: Եվ հենց դրա շնորհիվ ձեզ իրավունք եք վերապահելու լինել պահանջկոտ նաև ձեր ենթակաների նկատմամբ:
Դուք նրանց առաջնորդելու եք ձեր օրինակով, ձեր բարոյական կերպարով: Դուք նրանց համար դառնալու եք ընտանիք, ավագ եղբայր, խորհրդատու»,-ասաց ՀՀ նախագահը։
Նա ընդգծեց, որ հայոց բանակն ու մեր երկիրը փոքր ընտանիք են։ Հորդորեց հիշել, որ «ազգ» բառի առաջնային իմաստը հայերենում ընտանիքն ու գերդաստանն է:
«Ձեր ծառայության նպատակը ձեր ընտանիքի, ձեր գերդաստանի, ձեր ազգի անվտանգությունը և խաղաղությունը երաշխավորելն է: «Մեկը՝ բոլորի և բոլորը՝ մեկի համար» կարգախոսը դրվեց մեր բանակի հիմքում: Եվ այդ բանակը դարձավ ժողովրդական բանակ, որը միավորեց շինականին և գրողին, վարորդին և ծրագրավորողին, ոսկերչին և երաժշտին: Այդ համաժողովրդական ջանքն էր, որ պաշտպանեց Արցախ աշխարհը և այսօր էլ շարունակում է երաշխավորել նրա անվտանգությունը»,-ասաց երկրի ղեկավարը։
Վերջում նախագահը բոլորին հորդորեց գիտակցել պատմական պատասխանատվության այն բեռը, որ ստանձնում են իրենց ուսերին: Նրա խոսքով` դա ոչ միայն այսօրվա Հայաստանի անվտանգությունն է, այլև մեր պետականության հարատևությունն ապահովելու պատասխանատվությունը:

