ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու դերասանները երեկ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում էին: 21 տարվա ընդմիջումից հետո արգելոց-թանգարանի այցելուների դատին էր հանձնվել հեռուստաթատրոնի առաջին ներկայացումը` «Խաղը»:
Նախաձեռնությունը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին էր։ Այս մասին տեղեկացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժինը։
Ներկայացման սյուժեն ինքնատիպ է լեգենդ է` թագուհու, արքայի, սիրամարգի ու այլ կերպարների մասնակցությամբ գեղեցիկ, որի դրամատիկ իրադարձությունները ծավալվում են արքայական պալատում: Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի համոզմամբ Գառնի տաճարի ճարտարապետական շունչը համահունչ է պալատական միջավայրին ու տեղին է հենց այդ միջավայրում «Խաղը» բեմականացնելը:
«Այս նախաձեռնությունը հուշարձանները հանրահռչակելու և օտարերկրացիներին մեր մշակույթը ճանաչելի դարձնելու հրաշալի առիթ է: Համոզված եմ, որ հուշարձանների տարածքներում նման միջոցառումները շարունակական կլինեն», — նշել է Դադասյանը:
«Խաղը», շրջագայել է տարբեր երկրներով և քաղաքներով` Պեկին, Բեռլին, իսկ արդեն նոյեմբերին` հայկական մշակույթի օրերի շրջանակում, մնջախաղի թատրոնը կլինի ՌԴ տարբեր քաղաքներում: