Գիտելիքի և դպրության օրվա առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է մայրաքաղաքի Նելսոն Ստեփանյանի անվան համար 71 հիմնական դպրոց և ներկա գտնվել ուսումնական տարվա հանդիսավոր մեկնարկին:
Երևանի քաղաքապետարանի «Օգնիր դպրոցիդ» ծրագրի շրջանակում գործարար, բարերար և դպրոցի շրջանավարտ Արթուր Վարժապետյանի կողմից կրթօջախն այս տարի հիմնանորոգվել է: Աշխատանքների ընթացքում ամբողջությամբ վերանորոգվել է դպրոցի շենքի տանիքը, դասասենյակները, միջանցքները, սանհանգույցները, մարզադահլիճը: Փոխվել ու թարմացվել է դպրոցի կահավորանքը: Բացի այդ, մասնակի վերանորոգվել է նաև կաթսայատունը: Դպրոցի հարակից տարածքը ևս ամբողջությամբ կանաչապատվել, ասֆալտապատվել և լուսավորվել է:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արթուր Վարժապետյանի հետ շրջել է դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին: Դպրոցի ավելի քան 770 աշակերտների համար ստեղծված են առավել հարմարավետ պայմաններ: Ի դեպ, ուսումնական այս տարում դպրոցն իր դռներն է բացել 110 առաջին դասարանցիների առջև:
Երևանի քաղաքապետը մաղթել է ուսումնական տարվա հաջող ընթացք և համոզմունք հայտնել, որ մանկավարժներն իրենց սրտացավ ու հետևողական աշխատանքով կկրթեն ավելի հայեցի մտածելակերպով սերունդ, որը վաղը արժանապատվորեն կծառայի մեր երկրին՝ ապահովելով Հայաստանի զարգացումն ու հզորացումը: