ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացին բարեհաջող վերադարձել է հայրենիք՝ բուժումը շարունակելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Հիշեցնենք, որ եգիպտական Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում հուլիսի 14-ին անհայտ անձը մուտք էր գործել զբոսաշրջային համալիր և սկսել դանակով անկանոն հարվածներ հասցնել մարդկանց: Գերմանիայի 2 քաղաքացի մահացել էր։
Հարձակման հետևանքով տուժել էր նաև ՀՀ երկու քաղաքացի: Նրանք հատուկ չվերթով տեղափոխվել էին Կահիրեի լավագույն հիվանդանոց` առավել որակյալ բուժօգնություն ստանալու համար։
Ի դեպ, հանցագործը վնասազերծվել էր հայ զբոսաշրջիկի ջանքերով:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից առաջին ազդանշանն ստանալուց հետո օգոստոսի 3-ին Եգիպտոս էր գործուղվել «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդհանուր և կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանը` տուժածի վիճակին տեղում ծանոթանալու և անհրաժեշտության դեպքում մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով։
Հայ վիրաբույժը եգիպտացի մասնագետների հետ իրականացրել էր երեք կոնսիլիում։ Քննարկելով տուժածի վիճակը` նշանակվել էին լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքներով կատարվել են կոնսերվատիվ բուժման լրացումներ։ Դեռ պրոֆեսորի Կահիրեում գտնվելու ժամանակ հիվանդի մոտ նկատվել է վիճակի դրական դինամիկա։ Օգոստոսի 9-ին, վիճակի բարելավումով, նրան ինտենսիվ թերապիայի բաժանմունքից տեղափոխել էին հիվանդասենյակ։