ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Սեպտեմբերի 12-ին ավագանու նիստին նախ ներկայացավ ԳԱԼԱ կուսակցությունը, իսկ Գյումրու հիմնից հետո նաև ԲՀԿ 8 ներկայացուցիչները: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, նիստը նախագահող Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նիստին առաջին անգամ ներկա «ԳԱԼԱ» և ԲՀԿ ներկայացուցիչներին հանձնեց մանդատները, ապա Գյումրու հիմնից հետո ավագանու բոլոր անդամներին ողջունեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը՝ ավագանու անդամներին արդյունավետ աշխատանք մաղթելով և ցանկություն հայտնելով, որ Գյումրու ավագանին օրինակելի լինի մյուս համայնքների համար: Ավագանու քննարկմանը ներկայացվեց օրակարգային 21 հարց:
Այս անգամ տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներին հաջողվեց ավագանու նիստում տարակարծություն մտցնել. գրեթե բոլոր հարցերին դեմ կամ ձեռնպահ քվեարկողներ եղան:
Ամենաքննարկված հարցը կապված էր «Գյումրու օր» տոնակատարության հետ: Ավագանու անդամներից մի քանիսն առաջարկեցին ընդհանրապես չնշել քաղաքի օրը, իսկ նախատեսված 8 մլն դրամը ծախսել տնակում բնակվող 2 ընտանիքի համար բնակարան գնելու ուղղությամբ: Եղավ նաև առաջարկ ավելի մանրամասն ու բաց ներկայացնել ծախսվող գումարները՝ ինչ կազմակերպությունների ու ինչ նպատակով է գումարը հատկացվում:
Ավագանին հաստատեց նաև անապահով 160 ընտանիքի 10 հազարական դրամ օգնություն, Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում չեմպիոններ դարձած մարզիկներին ու նրանց մարզիչներին դրամական պարգևներ շնորհելու, հողերի օտարման և վարձակալությամբ տրամադրելու մասին որոշումներ: «ԳԱԼԱ» խմբակցության անդամ Արմենուհի Վարդանյանն առաջարկեց ավագանու անդամներին ուղերձով դիմել ՀՀ նախագահին ՝ պահանջելով իրականություն դարձնել նախընտրական խոստումները` հատկապես Գյումրիում աշխատատեղեր ստեղծելու մասով, սակայն այս առաջարկն այդպես էլ ի գիտություն չընդունվեց:
Որոշում ընդունվեց ավագանու հաջորդ նիստը նշանակել հոկտեմբերի 6-ին:
Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո քվեների բաշխման արդյունքերից դժգոհ ավագանու անդամների պահանջված շեմը հաղթահարած ԳԱԼԱ, ԲՀԿ և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները, բոյկոտելով ավագանու նիստերը, հրաժարվել էին մասնակցել նիստերին: Անցած նիստերն անցել էին միայն «Բալասանյան դաշինքի» անդամների ներկայությամբ, նրանց թիվը թույլ էր տալիս ավագանու նիստերի անցկացման համար քվորում ապահովել: Երեք կուսակցությունից Գյումրու ավագանու երկրորդ նստաշրջանի 7-րդ նիստին իր ներկայությունն էր ապահովել միայն «Հայկական վերածնունդ» կուսակցությունը: ՀՎԿ-ի կազմում փոփոխություն էր տեղի ունեցել՝ ավագանու անդամի մանդատից հրաժարված ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանին փոխարինել էր Սաշա Մարտիրոսյանը: