ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Ֆեյսբուքյան օգտատեր Ներսես Մատինյանը ամիսներ առաջ արված լուսանկարներ ու տեսագրություն է տեղադրել Քոբայրի վանական համալիրի տարածքում անասունների գտնվելու մասին, որն էլ իրարանցում է առաջացրել:
«Երևույթն իրոք անթույլատրելի ու դատապարտելի է: Ցավոք, նման դեպքեր երբեմն լինում են հուշարձանների տարածքներում և ոչ միշտ է հնարավոր հարցը լուծել հարակից տարածքը ցանկապատելով»,- նշված է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տարածած հայտարարության մեջ։
Քոբայրում այժմ վերականգնման աշխատանքներ են իրականացվում: ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուները սեպտեմբերի 18-ին եղել են վանական համալիրի տարածքում և հերթական անգամ մաքրման աշխատանքներ իրականացրել:
Խնդիրը տարիներ շարունակ բարձրաձայնել են ՊՈԱԿ-ի մարզային ծառայության պատասխանատուները: Նրանք հանդիպումներ են ունեցել (դրանք շարունակական բնույթ են կրում) համայնքների ղեկավարների ու բնակիչների հետ՝ զգուշացրել խոշոր եղջերավոր անասուներին հուշարձանների տարածքներում արածացնելու անթույլատրելիության մասին: Համապատասխան գրություններ են ուղարկվել Թումանյան համայնքի ղեկավարին ու ոստիկանության համապատասխան բաժանմունք: Խոշոր եղջերավորների տերերը նաև տուգանվել են, սակայն երևույթը չի վերացել:
«Պատասխանատվության ու իրավագիտակցության բացակայության արդյունքում նման դեպքերի դեռ կհանդիպենք: Խոշոր եղջերավոր կենդանիները կշարունակեն արածել սրբավայրերի տարածքներում այնքան ժամանակ, քանի դեռ նրանց տերերը չեն գիտակցել, որ Աստծու տունը պղծելը սրբապղծություն է»,- նշել են կազմակերպությունից` ընդգծելով, որ պետք չէ մեղավորներ այլ տեղ փնտրել. մեղավորները մեր մեջ են:
Հայտարարության մեջ նշված է, որ պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա հուշարձանների պահպանությունը, հանրահռչակումն ու օգտագործումը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի իրավասությունների շրջանակում է և իրականացվում է ՊՄՊ մարզային ծառայությունների աշխատակիցների միջոցով ՝ շրջայցերի սահմանված գրաֆիկի համաձայն:




Լոռու մարզի շուրջ երեք հազար հուշարձանի պահպանության համար 15 աշխատակից է պատասխանատու: Հուշարձանի պահապանը պահակ չէ, ինչպես հաճախ թյուրիմացաբար նշվում է, և չի կարող մշտապես գտնվել հուշարձանի տարածքում:
Հուշարձանի պահպանության համար հավասարապես պատասխանատու են նաև տեղական ինքնակառավարման մարմինները, ինչն ամրագրված է օրենսդրությամբ, ինչպես նաև շարքային քաղաքացիները:
Մասնավորապես` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի «ա» և «գ» կետերի, ինչպես նաև 11-րդ հոդվածի «բ» կետի համաձայն պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները մարզի տարածքում ապահովում են վերահսկողություն հուշարձանների պահպանության և օգտագործման մասին ՀՀ օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ, միջոցներ են ձեռնարկում և աջակցում մարզի տարածքում հուշարձանների պահպանության և օգտագործման ուղղությամբ: