ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Այս կառավարությունը լրատվամիջոցների գլխին իսկական պատուհաս է դարձել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Հիմա էլ ՀՀ արդարադատության նախարարությունն իբր որոշել է բարեփոխել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, սակայն այնպիսի նախագիծ է ներկայացրել, որ իրականում սահմանափակում է տեղեկատվություն ստանալու ազատությունը, որը առաջին հերթին հարված է մամուլին, հասարակական կազմակերպություններին և Կառավարության «կոկորդին կանգնած» այլ կառույցների գործունեությանը:
Ըստ այդ նախագծի՝ տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել, եթե «ակնհայտորեն չի պարունակում հանրային հետաքրքրություն ներկայացնող որևէ տեղեկություն, կամ այնպիսի հարցում է, որով պահանջվող տեղեկության ծավալը շատ մեծ է, և դրա տրամադրումն ակնհայտորեն կհանգեցնի տեղեկություն տնօրինողի ռեսուրսների կամ ժամանակի անհամաչափ կամ անհիմն վատման»: Սա հրաշալի հնարավորություն է` մերժելու ցանկացած տեղեկատվության տրամադրումը: Ցանկացած հարցման դեպքում կարելի է այս հիմնավորումներից որևէ մեկը պատրվակ բռնել»,- գրում է թերթը: