Սերժ Սարգսյան. Ատոմակայանի առկայությունը թույլ կտա պահպանել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ատոմակայանի առկայությունը թույլ կտա Հայաստանին պահպանել էներգետիկ անվտանգության անհրաժեշտ մակարդակը։ Այսօր Երևանում, ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Ատոմային էներգետիկայի պահպանումն ու զարգացումը շարունակում է Հայաստանի համար մնալ ռազմավարական ուղղություն։ Բազիսային էլեկտրաէներգիայի ստեղծման կառուցվածքում ԱԷԿ-ի առկայությունը թույլ կտա Հայաստանին պահպանել էներգետիկ անվտանգության անհրաժեշտ մակարդակը: Այսօր Երևանում կայացած ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի հերթական՝ 15-րդ նիստում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Армянская АЭС - Sputnik Արմենիա
Ատոմակայանը փակելու փոխարեն կկառուցենք նորը. Հայաստանը գիտի իր անելիքը

«Ծրագիրը նախատեսում է գործող բլոկի շահագործումը երկարաձգել մինչև 2027թ., իսկ հետագայում իրականացնել նոր միջուկային բլոկների փուլային ներդրում: ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման համար ՀՀ և ՌԴ միջև ստորագրվել են Հայաստանի կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին և այդ ծրագրի ֆինանսավորման նպատակով դրամաշնորհի տրամադրման համաձայնագրերը»,–ասել է Սարգսյանը:

Նախագահն իր ելույթում նշել է նաև, որ ԵՄ տեխնիկական աջակցության շրջանակներում մշակվել է «Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման ռազմավարությունը», ինչի արդյունքում վերանայվել է թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման կոնվենցիան:

Ավարտական փուլում է նաև ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման երկրորդ ազգային զեկույցը, որը մինչև ընթացիկ տարվա վերջը կփոխանցվի ՄԱԳԱՏԷ-ին:

Խոսելով ԱԷԿ հուսալի և անվտանգ աշխատանքի ապահովմանն ուղղված ծրագրային միջոցառումների իրականացման մասին՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ նախագծի առաջին փուլի աշխատանքներն ավարտվել են ընթացիկ տարվա հունվարին: Այժմ փաստաթղթեր են նախապատրաստվում երկրորդ փուլի իրականացման համար մրցույթ հայտարարելու նպատակով։

Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստի օրակարգի շրջանակներում այնուհետև «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը խորհրդի անդամներին ներկայացրել է Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեությունը, որից հետո ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը զեկուցել է Հայաստանի միջուկային անվտանգությունը կարգավորող մարմնի հաշվետվությունը 2015-2017թթ. ժամանակահատվածի համար: Ներկայացված զեկույցների վերաբերյալ տեղի են ունեցել քննարկումներ:

Լրահոս
0