Կաշառք վերցրած երբեմնի պաշտոնյաները ձերբակալվեցին

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցРабота вневедомственной охраны московской полиции
Работа вневедомственной охраны московской полиции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բնապահպանության նախարարության նախկին պաշտոնյաները ձերբակալվել են կաշառք ստանալու կասկածանքով։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաները խոշոր չափերով կաշառք են ստացել` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Արծվանիկ» անտառպետությունում ապօրինի հատված ծառերի իրական ծավալները չարձանագրելու դիմաց: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2016 թվականի նոյեմբերի 1-ից 21-ն ընկած ժամանակահատվածում «Արծվանիկ» անտառպետությունում տեսչական ստուգումներ են իրականացվել, որոնց արդյունքում հայտնաբերվել են ապօրինի ծառահատումների դեպքեր: Ստուգող խմբում ընդգրկված են եղել ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության ղեկավար պաշտոնատար անձինք, ովքեր ստուգման ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատումների իրական ծավալները չարձանագրելու և պատճառված վնասը նվազեցնելու դիմաց, խմբով` նախնական համաձայնությամբ ստացել են խոշոր չափերով կաշառք:

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ` կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառք տալուն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել են 4 անձինք, այդ թվում` ՀՀ ԲՆ նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաներ և «Արծվանիկ» անտառպետության աշխատակիցներ:

Վերը նշված հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելու և դրանում ներգրավված անձանց գործողություններին անհրաժեշտ իրավական գնահատական տալու ուղղությամբ կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ, իսկ ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Նախաքննությունը շարունակվում է:

 

 

Լրահոս
0