ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը կարող է իր մասին հայտ ներկայացնել Եվրասիական էլեկտրաէներգիայի շուկայում, Sputnik Արմենիային ասել է էներգետիկայի ոլորտում փորձագետ Վահե Դավթյանը:
Ըստ նրա՝ 1960-70-ական թվականներին Հայաստանի էներգետիկ համակարգը ստեղծվել է որպես էներգիայի սպառման համակարգ: Տասնամյակներ շարունակ Հարավային Կովկասում գոյություն ունեցավ «Անդրկովկասի միասնական էլեկտրական համակարգեր» ցանցը, որտեղ Հայաստանը վճռական դեր է խաղացել, այդ թվում՝ ատոմակայանի շնորհիվ:
«Իրականում այն տարածաշրջանում էներգիայի երաշխավոր էր: Այսօր մենք տեսնում ենք, որ այս համակարգը վերականգնելու փորձ է արվում Իրանի հետ: Դա լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում էլեկտրաէներգիայի արտահանման տեսակետից»,- ասաց Դավթյանը:
Նրա խոսքով՝ հիմնական խնդիրն արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքն է: Այսօր տարածաշրջանային շուկայի կառուցվածքն այնպիսին է, որ մշտապես իրականացվում է էլեկտրաէներգիայի ինքնարժեքի նվազեցման քաղաքականություն:
Հայաստանին ներկայում բավականին դժվար է մրցել գնային առաջարկի առումով, օրինակ, հաշվի առնելով Վրաստանի հիդրոէներգետիկական շուկան:
Երկիրը պետք է աշխատի արտադրվող էլեկտրաէներգիայի գինը նվազեցնելու վրա. խոսքն ատոմակայանների, ՀԷԿ-երի և ՋԷԿ-երի մասին է: Ապագայում վերականգնվող էլեկտրաէներգիայի աղբյուրները չեն դիտարկվում շուկայում ցածր մասնաբաժին ունենալու պատճառով:
Հայաստանի էներգետիկ համակարգը ծանրաբեռնված է միլիարդ դոլար վարկային բեռով:
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի մատակարարմանը, ապա Հայաստանին հետաքրքիր են ինչպես իրանական շուկան (նրան հարկավոր է 2500 ՄՎտ), այնպես էլ Ռուսաստանի հարավը:
«Սակայն խնդիրը պետք է դիտարկել նաև եվրասիական ինտեգրման տեսակետից: Համակարգի ձևավորման փաստաթղթերից մեկը էլեկտրաէներգիայի մեկ միասնական շուկայի ձևավորումն է: Ղազախստանը և Ղրղըզստանը կանխատեսում են էլեկտրաէներգիայի պակաս: Մենք չենք կարող խոսել ուղղակի հոսքերի մասին, բայց ռուսական ցանցերի միջոցով սվոպային մոդելները թույլ են տալիս Հայաստանին իր հայտը ներկայացնել եվրասիական շուկայում»,- ասաց Դավթյանը:
Միևնույն ժամանակ, Հայաստանն այստեղ ունի մրցակիցներ, այդ թվում՝ Թուրքմենստանը, որը նախատեսում է արտահանումը մեծացնել գազի ցածր գնի հաշվին: Նրանք էլեկտրական գծեր ունեն Իրանի հետ, ուստի Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի իր էլեկտրաէներգիայի գինը նվազեցնի:
Հայաստանը կարող է գերազանցել պահանջարկը երեք անգամ
Իր հերթին, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը նշեց, որ Հայաստանը կարող է արտադրել 3 անգամ ավելի էլեկտրաէներգիա, քան անհրաժեշտ է:
«Այն կարող է ունենալ որոշակի գերիշխող դեր տարածաշրջանում»,- ասաց Մարգարյանը:
Հարցն այն է, թե ինչ կլինի նրա ինքնարժեքը, ինչ գնով Հայաստանը կառաջարկի էլեկտրաէներգիան, և ինչ կանեն մրցակիցները:
Ընդ որում, նա ասաց, որ Հայաստանը բաց է իր հարևանների հետ էներգետիկ գործակցության համար:
Միևնույն ժամանակ, միավորված էներգետիկ համակարգի հզոր շուկային միանալը, միասնական շուկա ստեղծելը, հնարավոր գնային կրճատումները Հայաստանի համար այս նախագիծը բավական գրավիչ են դարձնում»,- ասաց Մարգարյանը:
Նրա կարծիքով՝ Իրանի, որի հյուսիսային շրջանները էներգակիրների մեծ պահանջարկ ունեն, նախագծին ներգրավվելը Հայաստանին ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում:
Ինչ վերաբերում է Թուրքիային և Ադրբեջանին, նրանք այժմ աշխատում են ոչ թե համագործակցության ուղղությամբ, այլ ընդդիմության մեջ, որը հեռանկար չունի: Թուրքիան լուրջ խնդիրներ ունի Արևմուտքի հետ և ստիպված է գնալ լայն գործակցության Ռուսաստանի հետ, հետևաբար, Հայաստանի հետ համագործակցությունն անխուսափելի է:
Նրա կարծիքով՝ այս նախագծի շուրջ գործակցությունը պետք է չսահմանափակվի չորս երկրներով, հետաքրքրությունը նրա հանդեպ հնարավոր է Կենտրոնական Ասիայի երկրներից:
«Այդ համատեքստում Հայաստանը պետք է ակտիվ, նույնիսկ, մասամբ «ագրեսիվ» քաղաքականություն վարել»,- ասաց Մարգարյանը:
Հյուսիս-հարավ նախագծի աշխատանքը մինչև 1,2 ԳՎ ընդհանուր ծավալով սկսվել է 2015 թ. դեկտեմբերին: 2016 թ. ապրիլին Երևանում չորս երկրների էներգետիկայի նախարարները ստորագրեցին ծրագրի համար «ճանապարհային քարտեզը», որը նախատեսում էր տեխնիկական ուսումնասիրության համատեղ մշակում, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:
Ծրագրի իրականացման հետագա միջոցառումների մշակման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի սեպտեմբերին Բաթումում: