Հայաստանն արևային էլեկտրակայանների «շքերթ» է մեկնարկում

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
1 ՄՎտ հզորությամբ «Թալին – 1» արևային էլեկտրակայանը բացվեց Թալինում։ Բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. 1 ՄՎտ հզորությամբ արևային առաջին էլեկտրակայանը բացվեց Արագածոտնի մարզի Թալին քաղաքի մոտակայքում։

Սա Հայաստանի արդեն երկրորդ կայանն է, բայց առաջինն է, որ 1 ՄՎտ հզորություն ունի։ Կառուցել է «Արփի Սոլար» ընկերությունը։ Ինչպես նշեց ընկերության տնօրեն Հայկ Չոբանյանը, շինարարությունը մոտ մեկ ամիս է տևել, իսկ ինժեներական աշխատանքները` մոտ 20 օր։

«Այսօր մեկնարկում է արևային կայանների «շքերթը»։ Նույնիսկ մռայլ օրերին կայանն իր հզորության 25%-ի ծավալով էներգիա է արտադրում։ Մեր բնակլիմայական պայմանների առավելություններն ակնհայտ են», — ասաց Չոբանյանը։

Ներդրումների ընդհանուր գումարը մոտ մեկ միլիոն դոլար է կազմել։ Ներդրողները Հայաստանի քաղաքացիներ են` Չոբանյանը, Զավեն Սարգսյանը, Էդուարդ Մարուքյանը, Արայիկ Կարապետյանը։ Վարկային միջոցները տրամադրել են KFW գերմանական բանկն ու գերմանա-հայկական հիմնադրամը հայկական բանկերից մեկի միջոցով։

Կայանի արտադրած էլեկտրաէներգիայի արժեքը կկազմի 42 դրամ մեկ կիլովատ/ժամի դիմաց առանց ԱԱՀ-ի (51 դրամ` ԱԱՀ-ով)։ Կայանն արդեն միացված է բարձրավոլտ գծերին ու էներգիա է ուղարկում ընդհանուր էներգահամակարգ։

Չոբանյանի խոսքով` նման հզորության կայանը կարող է էլեկտրականություն ապահովել միջինը 400 ընտանիքի համար։

«Կարծում եմ` առաջիկա տարիներին Հայաստանի ներուժը թույլ կտա մի քանի հարյուր մեգավատ հզորությամբ կայաններ կառուցել», — ասաց Չոբանյանը։

Հայաստանում մեկնարկել է երկրորդ արևային էլեկտրակայանի աշխատանքը - Sputnik Արմենիա
Հայաստանն օգտագործում է իր արևը. «Թալին-1» արևային կայանը բացվեց

Մյուս տարի Մասրիկում կմեկնարկի 55 ՄՎտ հզորությամբ կայանի շինարարությունը, նշեց Չոբանյանը։ 1 ՄՎտ հզորություն ունեցող հաջորդ կայանը կկառուցվի Սևանա լճի մոտակայքում։

«Արփի Սոլար» ընկերության տնօրենը հույս հայտնեց, որ մոտակա 5-6 տարվա ընթացքում արևի արտադրած էներգիայի քանակը Հայաստանում կհասնի 1 ԳՎտ-ի։

Նրա խոսքով` Արևային էներգետիկայի զարգացումը Հայաստանում այլընտրանք չունի, աշխարհում այն համարվում է էներգիայի ամենաէժան աղբյուրներից մեկը, Հայաստանում՝ առավել ևս, քանի որ ունենք արևային հզոր ռադիացիա և մեծ քանակությամբ արևային օրեր։ Մի քանի տարի հետո կունենանք այնպիսի լուծումներ, որ արդեն նպատակահարմար կլինի տեղադրել կուտակիչներ և արևային էներգիայից ստացված էներգիան օգտագործել նաև գիշերը։ Տարվա բոլոր եղանակներին կարող ենք էլեկտրաէներգիա ստանալ, համոզված է Չոբանյանը։

Հյուսիս-Հարավ էներգամիջանցքը թույլ կտա «ծախսել» ավելցուկը

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, խոսելով էլեկտրականության կենտրոնացման մասին, նշեց, որ մասամբ լուծում կարող է դառնալ տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունը։

«Հնարավոր է, որ տարածաշրջանային համագործակցության շրջանակում Հայաստանի էներգահամակարգը կարողանա ընդունել ոչ թե 70 ՄՎտ արևային էներգիա (ինչի մասին նախարարը խոսել է ավելի վաղ — խմբ.), այլ ավելի շատ», — ասաց Հարությունյանը։

Sputnik Արմենիայի հարցին, թե կարելի՞ է Հյուսիս-Հարավ էներգամիջանցքի մեկնարկից հետո էներգիայի ավելցուկն ուղարկել Իրան ու Ռուսաստան, Հարությունյանը դրական պատասխանեց։ Նրա խոսքով` Իրանի հետ համագործակցությունն արդեն սկսվել է, սակայն ներուժը դեռ չի սպառվել։

Արևային ավտոբուս - Sputnik Արմենիա
Հայաստանի առաջին արևային ավտոբուսը համարյա պատրաստ է

«Էլեկտրահաղորդման գծերի թողունակության բարձրացումից հետո մենք կարող ենք ավելի շատ արևային էներգիա «մարսել»»,- ասաց Հարությունյանը։

Նման էլեկտրակայանի մեկնարկի փորձի հիման վրա նախարարությունն ուզում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկել վերանայել արևային կայաններից ստացած էլեկտրականության գները։

Նա նշեց, որ սա Հայաստանում ամենահեռանկարային ուղղություններից է ու պետք է ակտիվորեն հետևել արևային մարտկոցների զարգացմանը։ Առաջիկայում, նրա կարծիքով, մեծ մարտկոցների օգտագործումը շահութաբեր կդառնա։

Նրա խոսքով` նախարարությունում զարգացման տարբեր (մոտ 150) սցենար են դիտարկում, որոնք կիրագործվեն` կախված արևային էներգետիկայի ոլորտի միտումներից։

Նոր կառավարություն, հին պայմաններ

Ինչպես նշեց Միջազգային էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղար Ուրբան Ռուսնակը, որը ներկա էր մեկնարկի արարողությանը, այս կայանի բացումը վկայում է ներդրումային լավ կլիմայի մասին, որը վերջին մի քանի տարվա ընթացքում հաջողվել է ստեղծել Հայաստանում։

«Մեր հետազոտությունների համաձայն` Հայաստանում ստեղծվել է ինստիտուցիոնալ ու տարածաշրջանային հիմք` արտասահմանյան ներդրողների հետ աշխատելու համար», — ասաց Ռուսնակը։

Նրա խոսքով` պետք է շարունակել երկխոսությունն արտասահմանյան ներդրողների հետ։ Ներդրողների համար բարենպաստ կլիման անհրաժեշտ է պահպանել անկախ կառավարության կազմից, ասաց Ռուսնակը։

«Պետք է պահպանել այդ լավ պայմանները, դրանք կգրավեն ներդրողներին։ Պետք է պահպանել Հայաստանում գոյություն ունեցող ներդրումների պաշտպանության միջազգային ստանդարտները, քանի որ այսպիսի նախագծերը տասնամյակների համար են նախատեսված», — ասաց Ռուսնակը։

Առաջին արդյունաբերական էլեկտրակայանը շահագործման է հանձնվել Ծաղկաձորում, հզորությունը մոտ 450 ԿՎտ է։ Բացի գոյություն ունեցող երկու կայաններից, ՀԿԾՀ-ն ևս 10 կոմերցիոն կայանի կառուցման թույլտվություն է տվել։

Հայաստանում այլընտրանքային էներգիա ստանալու մասին խոսակցություններն առաջին անգամ շրջանառվեցին 2006 թվականին։ 2014 թվականին նախագիծը պետական աջակցություն ստացավ և հաստատվեց Հայաստանի կառավարության կողմից։

Կառավարությունը նախատեսում է մինչև 2020 թ-ը 38 տոկոսով կրճատել էներգիայի սպառումը և դրա հետ կապված` էներգետիկ ծախսերը։ Հայաստանում ստեղծված են բոլոր պայմանները արևային էլեկտրակայաններ տեղադրելու համար։ Ոչ միայն արտոնագիր չի պահանջվում, այլ նաև ամբողջ գործընթացն ազատված է հարկերից։ Նաև ստեղծված են բոլոր պայմաններն այդ ոլորտում ներդրումներ անելու համար։

Լրահոս
0