ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Ուկրաինական dsnews.ua կայքը տեղեկատվություն է հրապարակել, որտեղ ՀՀ իշխանություններին մեղադրում է իր նկարահանող խմբին Հայաստան մուտքի իրավունք չտրամադրելու համար։
Ներկայացնելով խմբի պրոդյուսեր Օքսանա Դիխնիչի պարզաբանումները` կայքը գրում է, որ նկարահանող խումբը գործուղման է մեկնել Հայաստան՝ հավատարմագիր ստանալով ՀՀ ԱԳՆ–ից, բայց այստեղ նրանց արգելել են մուտք գործել Հայաստան։
«Պաշտոնական մերժում։ Պատճառը Ռուսաստանի Դաշնության կազմած ցուցակներն են, քանի որ նրանք աշխատել են Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության տարածքում»,– իր պարզաբանման մեջ նշում է Դիխնիչը:
Հայաստանը պաշտոնապես հերքում է ուկրաինական լրատվամիջոցի այս տեղեկությունն ու մեղադրանքները։
Ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, ՀՀ ԱԳՆ–ից հայտնեցին, որ ուկրաինական տվյալ լրատվամիջոցը հավատարմագրման հայտ չի ներկայացրել։
«Տվյալ լրատվամիջոցը ՀՀ ԱԳՆ հավատարմագրման հայտ չի ներկայացրել»,– հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։