Արամ Գարեգինյան, Sputnik
Աստղաֆիզիկոս Ֆելիքս Ահարոնյանը կմասնակցի Չիլիի տիեզերական էներգիայի նոր աստղադիտարանի աշխատանքներին։ Շուրջ 100 հեռադիտակ, որոնք տեղադրում են Ատակամա անապատում, գիտնականներին ևս մեկ քայլ կմոտեցնեն տիեզերքի էներգետիկ հսկաներին։
Ահարոնյանը ծնվել է Երևանում, խորհրդային գիտական դպրոցի սան է, իսկ այժմ Մաքս Պլանկի անվան միջուկային ֆիզիկայի ինստիտուտում (Գերմանիա) ղեկավարում է բարձր էներգիաների աստղաֆիզիկայի տեսական խումբը։
Մենք էլ մեր սև խոռոչն ունենք
Նամիբիայում գտնվող նման մի աստղադիտարանում` HESS-ում, որտեղ հավաքվել են տարբեր երկրների չորս տասնյակ գիտական կենտրոնի մասնագետները, Ահարոնյանը նրանց հետ միասին երկար ուսումնասիրել է գերնոր աստղերի մնացուկները, պուլսարային քամիներն ու ծանր աստղերը։
Գիտնականների ուշադրության կենտրոնում է հայտնվել մեր գալակտիկայի կենտրոնում գտնվող «կասկածելի» մի օբյեկտ, որը սև խոռոչ է հիշեցնում։ Այն ստացել է Sgr A անվանումը։ Իսկ «կասկածները» ծագել են այնտեղից ճառագայթող պրոտոնների անհավանական էներգիայից: Այն հարյուր անգամ շատ է, քան խոշորագույն արհեստական արագացուցիչներում։
«Թեթևսոլիկ ծնողներն» ու «խիստ երեխաները»
«… Իսկ հիմա երեխան հաց էլ չի ուտի, եթե հայրը հատուկ նրա համար գերնոր աստղի պայթյուն չսարքի», — բացականչում է Ստանիսլավ Լեմի հերոսներից մեկը։ Արդյո՞ք երկնքում նման «հայր» կա, պարզ չէ։ Սակայն պարզ է, որ ժամանակակից աստղագետների ախորժակը շատ ավելի մեծ է, քան լկստված երեխաներինը: Դիտելու ցանկությունը մեծ է, բայց դիտարկվող միավորները` անտեսանելիորեն փոքր։ Այսի՞նքն։
Աստղերը մարդկանցից տարբերվում են գուցե նրանով, որ «շախով-շուխով» ոչ միայն ծնվում ու ապրում են, այլև հանգչում։ Թե՛ գերնոր աստղերը, թե՛ սև խոռոչները իրենց շուրջ են թափթփում տարրական մասնիկներ, որոնք շարժվում են գրեթե լույսի արագությամբ։
Օր ու գիշեր նրանք «ռմբակոծում են» նաև մեր Երկիրը։ Ու թեև մթնոլորտը նրանց կլանում է (ու դրանով մեզ կյանք պահպանում), սակայն տիեզերական այդ մասնիկներն ամեն դեպքում հնարավոր է հայտնաբերել։ Իսկ ահա հասկանալ, թե որտեղից են դրանք գալիս` ոչ։ Նրանք շատ զգայուն են մագնիսական դաշտերի նկատմամբ (որոնք տիեզերքում շատ են), և այնտեղ նրանց հետագիծն անդառնալիորեն խճճվում է։
Այդուհանդերձ, այս թնջուկից ելք կա: Բախվելով գազի զանգվածներին` տիեզերական ճառագայթները ռադիոակտիվ գամմա-քվանտեր են ծնում։ «Երեխաներն» ի տարբերություն «ծնողների» այստեղ-այնտեղ չեն շեղվում։
Լույսից արագ… Հայաստանը հետ է մնում
Մթնոլորտի վերին շերտեր ընկնելով` գամմա-ճառագայթը բախվում է օդի մոլեկուլներին։ Այդ հանդիպումը ֆիզիկոսներն անվանում են «լայն մթնոլորտային տեղատարափ». այդ հարվածից տարրական մասնիկները թափվում են վար` արձակելով Չերենկովյան լույս` շարժվելով լույսից էլ արագ։
Այդ ճառագայթումն է, որ որսում են Չերենկովյան հեռադիտակները (այդպիսիք տեղադրված են Նամիբիայում և կտեղադրվեն նաև Չիլիում)։ Վերջին 30 տարվա ընթացքում դրանց միջոցով 100-ից ավելի տիեզերական ճառագայթման աղբյուր են հայտնաբերել։
Նման աստղադիտարան ունենալու հայեցակարգ էր մշակվում նաև Հայաստանում։ Ամեն բան ձեռքի տակ էր. լավ գիտնականներ (որոնք այսօր սփռվել են աշխարհով մեկ) և բնական պայմաններ (բարձր դիրք և չոր կլիմա, որպեսզի չխոչընդոտեն մթնոլորտային երևույթները)։
Հայաստանում նույնիսկ պարաբոլիկ հայելիներ էին արտադրում, որոնք հետագայում, ցավոք, վաճառեցին, հիշում է Ահարոնյանը։ Ու թեև տիեզերքի օրացույցով երկու տասնյակ տարին ակնթարթ են, սակայն մեր` երկրային հաշիվն ավելի խիստ է։ Հայաստանից վաղուց են մեկնել և՛ Ահարոնյանը, և՛ նրա գործընկերներից շատերը։
«Ամեն դեպքում նոր նախագծերին մասնակցել կարելի է։ Նման հնարավորություններ քննարկել եմ հայ գործընկերների հետ։ Ամեն բան հնարավոր է։ Պարզապես լավ հիմնավորում է պետք։ Խոսքը ոչ թե նյութականի (ուսումնասիրություններն այդ զուտ հիմնավոր են), այլ արդյունքի մասին է», — եզրափակեց Ահարոնյանը։