ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Բրիտանացի երգչուհի, կոմպոզիտոր, հաղորդավար և 90-ականներին մեծ ճանաչում ունեցող Մել Բին որոշել է ազատվել նախկին ամուսնու` Ստեֆան Բելաֆոնտեի անունով դաջվածքից։ Այդ մասին գրում է DailyMail-ը։
Երգչուհու մարմնին դաջված էր Stephen till death do us part you own my heart (Ստեֆան, դու իմ սրտում ես մինչև կյանքի վերջ)։
Հայտնի չէ` այդ հատվածում կլինի՞ արդյոք Մել Բիի նոր սիրելիի` հայազգի Գարի Մադաթյանի անունը, բայց երգչուհին մեծ հաճույքով ցուցադրել է իր մարմինը` առանց նախկին ամուսնու անվան դաջվածքի։
«Ինչպես երևում է, Մելը ձգտում է ազատվել նախկին ամուսնու հետ կապված անձնական ապրումներից։ Այդ պատճառով նա որոշել է հեռացնել դաջվածքը», — գրում է պարբերականը։
Մել Բին այս տարվա մարտին բաժանվել է 42-ամյա Ստեֆան Բելաֆոնտեից, նրանք ամուսնացած են եղել 2007թ-ից։ Մելը երեք դուստր ունի` 18-ամյա Ֆենիքսն առաջին ամուսնուց` պարող Ջիմի Գալզարից, 10 տարեկան Էնջելը` դերասան Էդի Մերֆիից, 6 տարեկան Մեդիսոնը` Ստեֆանից։
