ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանը 2-3 տարվա ընթացքում կարող է էլեկտրաէներգիայի խոշոր արտահանող դառնալ։ Այսօր Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում ելույթ ունենալիս այդ մասին լրագրողներին հայտնեց Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն։
Այդ հարցում կօգնեն նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերը, որոնք Հայաստանը կառուցում է դեպի Իրան և Վրաստան։ Դրանք երեք անգամ կընդլայնեն Հայաստանի արտաքին «էլեկտրական միջանցքները»։ Նոր հզորությունները թույլ կտան ինչպես փոխանակվել էլեկտրականությամբ, այնպես էլ վաճառել այն։ Հայաստանն ապագայում էլեկտրաէներգիա կկարողանա առաջարկել նաև Ռուսաստանին։ Այդ դեպքում Հայաստանը կկարողանա ավելի ակտիվ ներգրավել և՛ ԱԷԿ–ը, և՛ Հրազդանի ՋԷԿ–ի 5-րդ բլոկը, որը գտնվում է «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարության տակ, ավելացրեց Բաբկոն։
Բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցումը (400 ԿՎտ) դեպի Վրաստան և Իրան կավարտվի մինչև 2019 թվականը։ Դրանց միջոցով Հայաստանը կկարողանա Իրան արտահանել տարեկան մինչև 10 մլրդ ԿՎտ/ժ, իսկ Վրաստան` շուրջ 3 մլրդ։
Դեպի Իրան գնացող գիծը կառուցվում է Իրանի միջոցներով։ Նախագծի համար նախատեսված 107,9 մլն եվրոյի 77%–ը տրամադրել է Իրանի արտահանման և զարգացման բանկը, 23%–ը հիմնական կապալառուն` «Sunir» իրանական ընկերությունը։

Դեպի Վրաստան գիծը կառուցվում է 105,2 մլն եվրո ընդհանուր ծավալով եվրոպական վարկով և դրամաշնորհներով։ Դրանից 85,2 մլն–ը` որպես վարկ տրամադրել է KfW գերմանական պետական բանկը, ևս 10-ական մլն որպես դրամաշնորհ տրամադրել է ԵՄ Հարևանության ներդրումային գործիքն ու որպես վարկ` Եվրոպական ներդրումային բանկը։