Գարունը կդիմավորենք առանց հայ–թուրքական արձանագրությունների

© Sputnik / Asatur Yesayants / Эдвард Налбандян
Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ արտգործնախարարը հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման արձանագրություններն առ ոչինչ հայտարարելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. 2018թ-ի գարունը Հայաստանը կդիմավորի առանց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին 2009-ին ստորագրված արձանագրությունների։ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նման հայտարարությամբ է հանդես եկել Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում։

«Ինչպես գիտեք, Հայաստանի Նախագահի նախաձեռնությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց էր մեկնարկել, որը հանգեցրեց 2009թ.-ի հոկտեմբերին Ցյուրիխի արձանագրությունների ստորագրմանը: Այնուամենայնիվ, մինչ օրս այս փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց անհիմն նախապայմաններ, որոնք հակասում էին Արձանագրությունների տառին և ոգուն: Այս փաստաթղթերը չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ»,- ասել է Նալբանդյանը։

Նա նաև հիշեցրել է, որ ՀՀ նախագահն այս տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից ևս հայտարարել էր, որ Հայաստանը արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, քանի որ չկա որևէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար։

«Մենք 2018թ. գարունը կդիմավորենք առանց այդ արձանագրությունների»,- ասել է Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ 2008 թվականի աշնանը Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արդյունքում 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ և Թուրքիայի ԱԳ նախարարները ստորագրեցին 2 արձանագրություն`«Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին»: Հարաբերությունների կարգավորումը դրանց համաձայն պետք է իրականանար առանց որևէ նախապայմանի։ Ավելի ուշ, սակայն, Թուրքիան սկսեց դրանց դիմաց Հայաստանին նախապայմաններ առաջադրել, այդ թվում` արցախյան խնդրի կարգավորման մասին։

Լրահոս
0