ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև` համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքները:
Ըստ համաձայնագրի` 100 մլն ԱՄՆ դոլարի չափով ներգրավվող պետական արտահանման վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով (որից 5-ը՝ արտոնյալ)՝ տարեկան 3% տոկոսադրույքով: Ընդ որում, ՀՀ կողմից նախատեսվում է համաֆինանսավորում համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրերի արժեքի 10%-ի չափով՝ ավանսային վճարումների տեսքով:
Փաստաթղթի հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարությունը և «Ռոսոբորոնէկսպորտ» ընկերությունը առանձին պայմանագրեր կկնքեն Հայաստանին ժամանակակից սպառազինության և տեխնիկայի տրամադրելու կարգի, ժամկետների, այդ ռազմական տեխնիկայի կիրառմանը վերաբերող տեղեկատվության տրամադրման պայմանների, կողմերի պարտավորությունների, դրա նորոգման և տեխնիկական սպասարկման պարտավորությունների, ձեռքբերման համար վճարումների և այլ հարցերի վերաբերյալ:
Արտահանման վարկի տրամադրման մասին որոշումը ստորագրվել է 2017 թվականի հոկտեմբերի 24-ին։
Ավելի վաղ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ 200 մլն դոլարի առաջին ռուսական վարկի ռազմական մատակարարումները կավարտվեն մինչև 2017 թվականի վերջը: Վարկի վերաբերյալ փաստաթուղթը ստորագրվել էր դեռ 2015 թ. հունիսի 25-ին, սակայն ուժի մեջ է մտել 2016 թ. փետրվարի 10-ից: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանը բանակցում է նոր վարկի համար: