ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի միգրացիոն մարմինները երեք տարվա ընթացքում կրկին թույլ են տվել իր երկրի տարածք մուտք գործել Հայաստանի Հանրապետության 27 հազար քաղաքացու։ Այս մասին Sputnik Արմենիային թղթակցին հայտնեց Միգրացիայի պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը։
2014 թվականին Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունը համաձայնել է վերանայել Հայաստանի քաղաքացիների մուտքի արգելքները։ Քաղաքացիները դիմումները ներկայացրել են Հայաստանի միգրացիոն ծառայություն, որտեղից փոխանցվել են ՌԴ միգրացիոն դաշնային ծառայություն։
Այդ ժամանակահատվածում (ընդհուպ մինչև 2017 թվականի դեկտեմբերի 21-ը) Հայաստանի Միգրացիոն ծառայությունը 13 260 դիմում է ստացել։ Հայտերի մոտ 44%-ը (5 150) բավարարվել է, և մարդկանց թույլատրվել է մուտք գործել Ռուսաստան։
Ընդ որում, ավելի քան 1 500-ը բացասական պատասխան են ստացել դատական որոշումների պատճառով (որոնք ՄԴԾ-ն վիճարկել չի կարող)։
Նշված 5 150-ին պետք է ավելացնել ևս 22 հազար քաղաքացու, որոնց մանր և ոչ վտանգավոր իրավախախտումները ներվել են (հիմնականում` Ռուսաստանում ժամանակավոր կացության ժամկետի խախտում)։
2016 թվականի սեպտեմբերին հայկական կողմը միգրացիային վերաբերող հարցերը բարձրացրել էր հայ-ռուսական աշխատանքային խմբի նիստում։ Միջնորդությունն ընդունվել էր, և Ռուսաստանի դարպասները վերստին բացվել են ՀՀ քաղաքացիների առաջ։