ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Armenia ավիաընկերության օդանավերը 2018 թվականի ապրիլից կանոնավոր չվերթեր կիրականացնեն դեպի Գերմանիա և Ֆրանսիա, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց Armenia ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հովհաննիսյանը։
«Ապրիլի 23-ից շաբաթական երկու անգամ կսկսենք չվերթեր իրականացնել դեպի Քյոլն, իսկ ապրիլի 19-ից` դեպի Լիոն։ Ինչպես Գերմանիայի, այնպես էլ Ֆրանսիայի օդանավակայանները մեզ զեղչեր են տրամադրել», – ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` տոմսերը դեպի Եվրոպա ցածր սակագներով կլինեն, ինչը թույլ կտա բնակչությանը այլևս այդ ուղղություններ չմեկնել տարանցմամբ։ Հովհաննիսյանը վստահ է, որ այդ ուղղությունների բացումը կնպաստի Եվրոպայից դեպի Հայաստան ուղևորահոսքի աճին։ Ավիաընկերության ղեկավարության և այդ երկրների զբոսաշրջային առաջատար ընկերությունների միջև արդեն որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերվել ուղևորահոսքի ավելացման ուղղությամբ։
Ավիաընկերությունն ավելացնում է չարթերային ավիաչվերթերի աշխարհագրությունը։ 2018 թվականի ամռանից ավիաընկերության օդանավերը չվերթեր կիրականացնեն դեպի Վառնա, մարտից կվերականգնվեն Էրբիլի և Բաղդադի չվերթերը։ 2018 թվականի ապրիլից Armenia–ի ավիապարկը կհամալրվի Embraer 190 օդանավով։
«Հիմնական ծանրաբեռնվածությունը կլինի Embraer – 190 ինքնաթիռի վրա։ Այն նոր է, 110 տեղանոց, 2009 թվականի արտադրության է», – ասաց Հովհաննիսյանը։
«Armenia»-ն ներկա փուլում չվերթեր է իրականացնում նաև դեպի Մինվոդի, Թել Ավիվ, Բեյրութ: Ավիաընկերությունը մտադիր է կանոնավոր չվերթեր գործարկել նաև նոր ուղղություններով։

«Armenia»-ի ավիապարկում երկու ինքնաթիռ կա` Boeing 737-500, Boeing 737-700։ Ընկերությունն ունի 53 աշխատակից։
Ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (51 տոկոս բաժնետոմս), Թամազ Գաիաշվիլին (24 տոկոս) և Ռոբերտ Օգանեսյանը (25 տոկոս): Հայաստանն ազգային ավիափոխադրողից զրկվել է 2013 թվականին` «Արմավիա» ընկերության սնանկացումից հետո:
Հայրենական ավիաշուկայում այսօր երկու հայկական ընկերություն է գործում` «Armenia»-ն և «Տարոն-ավիան»։