ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Հայաստանը 88-րդն է` աշխարհի 153 երկրների շարքում. սա Forbes ֆինանսատնտեսական հեղինակավոր ամսագրի կազմած բիզնեսի զարգացման համար լավագույն երկրների վարկանիշային աղյուսակն է (Best Countries for Business)։
Ընդ որում` տարածաշրջանի մյուս երկրներն առաջ են անցել Հայաստանից. Վրաստանը ամրագրել է 52-րդ հորիզոնականը, Թուրքիան` 54-րդ, Ադրբեջանը` 70-րդ։ Ռուսաստանը մի փոքր հետ է մնացել Վրաստանից` զբաղեցնելով 58-րդ հորիզոնականը։ Իսկ Իրանը զբաղեցրել է 100-րդ հորիզոնականը։
Հայաստանին անմիջապես հաջորդում է Սենեգալը, Կաբո Վերդեն, Քենիան և այլ երկրներ։
Պատվավոր առաջին հորիզոնականում է Միացյալ թագավորությունը, ընդհանուր առմամբ առաջին տասնյակը հետևյալ տեսքն ունի. Մեծ Բրիտանիա, Նոր Զելանդիա, Նիդեռլանդներ, Շվեդիա, Կանադա, Դանիա, Իռլանդիա, Սինգապուր, Շվեյցարիա։
Պատմելով Հայաստանում առկա տնտեսական վիճակի մասին` հրապարակման հեղինակը նշում է, որ երկիրը միայն երկու բաց առևտրային սահման ունի` Վրաստանի և Իրանի հետ։
«Կապված արցախյան հակամարտության հետ` երկու մյուս հարևանների` Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները փակ են 90-ականներից… Վերջին տարիներին կառավարությունը որոշակի բարեփոխումներ է մտցրել հարկային և մաքսային վարչարարության մեջ, սակայն կոռուպցիայի դեմ պայքարելու միջոցներն այդքան էլ արդյունավետ չէին։ Երկրին անհրաժեշտ կլինի լրացուցիչ տնտեսական բարեփոխումներ անցկացնել տնտեսության զարգացումն ապահովելու համար», – գրված է հաղորդագրության մեջ։
Հեղինակի կարծիքով` ոչ այդքան բարենպաստ տնտեսական իրավիճակը պայմանավորված է երկրի աշխարհագրական մեկուսացմամբ, նեղ արտահանման բազայի և տնտեսության հիմնական հատվածներում համապարփակ մենաշնորհով։
Հոդվածում ասվում է նաև, որ Հայաստանը, հատկապես կախված է Ռուսաստանի կոմերցիոն և պետական աջակցությունից։
«Ռուսաստանից դրամական փոխանցումների ծավալները կազմում են ՀՆԱ–ի մոտ 7-8%–ը։ Հայաստանը միացել է ԵԱՏՄ–ին 2015 թվականի հունվարին, ինչպես նաև հետաքրքրություն հայտնել ԵՄ–ի հետ տնտեսական կապերի ընդլայնման հարցում, արդյունքում` 2017 թվականի մարտին նախաձեռնվել էր ՀՀ–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը», – գրված է հոդվածում։
Հրապարակման մեջ նշվում է, որ երկրի պետական պարտքը կրիտիկական մակարդակի է հասել։
2017 թվականի արդյունքներով` Հայաստանի պետական պարտքը ավելի քան 6,7 մլրդ դոլար է կազմում։ Տարվա ընթացքում պետական պարտքն աճել է 832,5 մլն դոլարով կամ 12%–ով։
2017 թվականին տնտեսական աճը 7,7% է կազմել, սակայն 2018 թվականին այդ ցուցանիշը կրկնակի կկրճատվի, կարծում են փորձագետները։