ԵՐԵՎԱՆ, 6 փետրվար — Sputnik. Փետրվարի 5-ին, ժամը 21:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 QA 877 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ջրաբեր գյուղից դեպի Աբովյան ընթանալիս՝ նշված ճանապարհի 7-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, արմատախիլ արել ծառեր և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով մեկ մարդ տեղում մահացել է, իսկ 3–ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:
Կոտայքի մարզի Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ, 30-ամյա Արսեն Հարությունյանը։ Վթարի հետևանքով տեղում մահացել է Աբովյան քաղաքի Գառնիի փողոցի բնակիչ, 16-ամյա Գևորգ Աբրահամյանը, իսկ հիվանդանոց են տեղափոխվել վարորդ Ա. Հարությունյանը, մյուս ուղևորներ՝ Աբովյան քաղաքի Գառնիի փողոցի բնակիչներ, 36-ամյա Քրիստինե Այվազյանը և 14-ամյա Գեղեցիկ Աբրահամյանը։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: