ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. «Ստեփանակերտի կոնյակի գործարան»–ն այս պահին առանց որևէ խոչընդոտի մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Prodexpo 2018» ցուցահանդեսին։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան` հայտնեցին գործարանի երևանյան ներկայացուցչությունից` հավելելով, որ գործարանի ղեկավարությունը գտնվում է ՌԴ–ում` ցուցահանդեսի պատվիրակության կազմում։
Մինչդեռ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվության` այդ երկրի Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը հայտարարել է, թե ՌԴ–ում Ադրբեջանի դեսպանատան հետ համատեղ նախարարությունը կարողացել է կանխել «Prodexpo 2018» պարենային ցուցահանդեսին «Ստեփանակերտի կոնյակի գործարան»-ի մասնակցությունը:
Նշենք, որ պարենի, ըմպելիքների և հումքի միջազգային ցուցահանդեսը ՌԴ մայրաքաղաքում անցկացվելու է փետրվարի 5-9–ը։