ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Ջերմուկում փետրվարի 17-ին և 18-ին «Ձնեմարդուկ» փառատոնի շրջանակում առաջին անգամ սառցամագլցման մրցույթներ կանցկացվեն։ Այս մասին լրագրողներին ասաց «Ջերմուկի երիտասարդական կենտրոնի» տնօրեն Սյուզաննա Ավետիսյանը։
Նրա խոսքով` Հայաստանում մինչ օրս բլուրներ չեն եղել սառցամագլցման սիրահարների համար, իսկ Ջերմուկում կարելի է սահել դեկտեմբերի վերջից մինչև մարտ։
«Նույնիսկ այս տաք ձմռանը մեզ մոտ շատ ձյուն ու սառույց կա», — ասաց նա։
Բացի այդ, փառատոնի շրջանակում անցկացվելու են սպորտային ավանդական խաղեր, մշակութային միջոցառումներ, երեկոյան համերգներ, կրակներով պար և այլն: Ավելին՝ փետրվարի 18-ին Ջերմուկի ճոպանուղին գործելու է անվճար:
Վերջապես, տեղը (ինչպես նաև ձյունը) կբավականացնի ձնագնդի խաղալու համար։ Հաշվի առնելով, որ տոնը զանգվածային է լինելու, կազմակերպիչները փորձել են լուծել նաև մարդկանց օթևանի հարցը։
«Մեր ֆեյսբուքյան էջում մենք տեղեկացնում են մատչելի տարբերակների` վարձով բնակարանների և էժան հյուրանոցների մասին։ Որոշ հյուրանոցներ զեղչեր կանեն փառատոնի ժամանակ», — ասաց նա։
Ավելի հանգիստ զբաղմունք նախընտրողները կարող են հիանալ սառցե քանդակներով։ Ցանկության դեպքում կարելի է ձեռքը վերցնել գործիքը և ինքնուրույն քանդակել որևէ բան։
«Պրոֆեսիոնալների համար կպատրաստենք մի հատված, սովորական մասնակիցների համար` մեկ այլ։ Մենք արդեն պայմանավորվել ենք Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի ուսանողների և դասախոսների հետ», — ասաց Սյուզաննան։
Սառցե «պլեները» որոշել են նվիրել ֆրանսիական մշակույթին. այս տարի Հայաստանը կընդունի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը։ Թեմաները բազմազան են լինելու` ֆրանսիական հրացանակիրներից մինչև շվեյցարացի հովիվներ ու կանադացի ձկնորսներ, հնարավոր է անգամ աֆրիկյան գաղութային հրաձիգներ։
Սյուզաննան հավաստիացնում է` արտասահմանցիներն առանց դժվարության կհասկական, թե որտեղ և ինչով կարելի է սահել (և դրանից հետո որտեղ ճաշել)։ «Մենք լեզուների իմացությամբ շատ կամավորներ կունենանք` ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, նույնիսկ պարսկերենի», — ավելացրեց նա։
Փառատոնին ներկա կլինեն մի քանի հազար հյուրեր, և քաղաքը կկարողանա ընդունել բոլորին, վստահեցրեց Հայաստանի Զբոսաշրջության պետական կոմիտեի փոխտնօրեն Մեխակ Ապրեսյանը։
«Մենք սպասում ենք նաև բազմաթիվ արտասահմանցիների։ Մեր զբոսաշրջային օպերատորներից մի քանիսը փառատոնը ներառել են իրենց ուղեգրերի ծրագրում», — նշեց նա։
Զբոսաշրջության պետական կոմիտեն կտարածի փառատոնի լուսանկարները և տեսանյութերը։ Հայաստանում «սառը» ձմեռային հանգստի նկատմամբ հետաքրքրությունը թեժացնելը պետության գլխավոր նպատակներից է։