ԵՐԵՎԱՆ, 8 Փետրվար — Sputnik. Նելլի Դանիելյան. Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ քայլեր են ձեռնարկում ազատազրկման վայրերում գերբնակեցման խնդիրը լուծելու համար։
2014թ.–ին շահագործման հանձնվեց 1200 դատապարտյալի համար նախատեսված նորակառույց «Արմավիր» ՔԿՀ–ը։ 2017թ–ից Հայաստանում սկսեց գործել Պրոբացիայի պետական ծառայությունը, որի գործառույթներում օրենքով սահմանված են նաև վերահսկողության այլընտրանքային տեսակներ, օրինակ` էլեկտրոնային սարքերի միջոցով վերահսկողությունը, որը, սակայն, առայժմ չի կիրառվում։
Եվ, այդուհանդերձ, ՔԿՀ–ներում գերբնակցեման խնդիրն այսօր էլ շարունակում է արդիական մնալ։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից Sputnik Արմենիային տրամադրած տվյալների համաձայն` հայաստանյան ՔԿՀ–ներում այսօր էլ ազատազրկված անձանց թիվը որոշ դեպքերում գերազանցում է լրակազմի` պաշտոնապես հաստատված թիվը։
Գերբնակեցման խնդիրը հիմնականում առնչվում է կալանավորված անձանց։ Նրանց թիվն այս տարվա հունվարի 1-ի դրությամբ 62-ով գերազանցել է սահմանված լրակազմը։ Պաշտոնապես թույլատրված 1235 կալանավորի փոխարեն նրանց թիվը կազմել է 1297։
ՔԿԾ–ից ստացված պաշտոնական տվյալների համաձայն` 2018թ–ի հունվարի 1-ի դրությամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող 792 անձանցից 676–ը կալանավորներ են, այն դեպքում, երբ նրանց թիվն, ըստ հաստատված լրակազմի` չպիտի գերազանցեր 590–ը:
«Արթիկ» ՔԿՀ–ում լրակազմով հաստատված 50 կալանավորի փոխարեն հունվարի 1-ի դրությամբ փաստացի պահվում է 54–ը, «Վարդաշենում»34-ի փոխարեն` 69–ը, «Դատապարտյալների հիվանդանոցում» 6 –ի փոխարեն` 51–ը։
Ի դեպ, հայաստանյան բոլոր ՔԿՀ–ները միասին պաշտոնապես 5351 անձի պահման հնարավորություն ունեն։ 2018թ.–ի հունվարի 1-ի դրությամբ նրանց թիվը կազմել է 3536, 2017 թ.-ի հունվարի 1-ին դրությամբ`3833, 2016թ-ին՝ 5424, 2015 թ.-ին՝ 4384, 2014 թ.-ին` 4395։
ՔԿՀ–ներում գերբնակեցման մասին պարբերաբար բարձրաձայնում են նաև ՔԿՀ–ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները։
Դիտորդական խմբի 2016թ–ի զեկույցի համաձայն` «Սևան», «Կոշ» և «Արթիկ» ՔԿՀ-ներում կիսաբաց և կիսափակ ռեժիմի կացարաններից յուրաքանչյուրում պահվում է մի քանի տասնյակ` ընդհուպ մինչև 30-40 դատապարտյալ:
Խմբի անդամ, փաստաբան Արայիկ Զալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ գերբնակեցման խնդրին զուգահեռ հայաստանյան մի շարք ՔԿՀ–ներում խնդրահարույց են մնում նաև խցերում սանիտարահիգիենիկ անմխիթար պայմանները։
«Մեր նախորդ այցելություններում մենք արձանագրել ենք նույնիսկ, թե ինչպես էր կոյուղագիծը վնասվել ու լցվում էր խցերը»,– ասաց Զալյանը։
Դիտորդներն արձանագրում են` որոշ խցերում չկան անգամ բնակության համար անհրաժեշտ տարրական պայմաններ։
««Նուբարաշեն»–ի առաջին հարկի խցերի անմարդկային պայմանների վերաբերյալ խումբը բազմիցս ահազանգել է, սակայն նախարարությունից տեղեկացրել են, որ ՔԿՀ-ի ծանրաբեռնվածության պատճառով այդ խցերը հնարավոր չէ չշահագործել»,– ասաց Զալյանը:
Հ.Գ. Հոդվածը նախապատրաստելիս Sputnik Արմենիան գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ԱՆ ՔԿԾ ղեկավարությանը` «Նուբարաշեն» ՔԿՀ–ում նկարահանումներ կատարելու և պատասխանատու պաշտոնյայի հետ հարցազրույց վարելու խնդրանքով։ Բայց «աշխատանքային գերծանրաբեռնված ժամանակացույցի» պատճառաբանությամբ մեր խնդրանքը մերժվել էր։
Բայց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը մեզ այդ հիմնարկներից լուսանկարներ է տրամադրել, որոնք ներկայացնում ենք ընթերցողների դատին։




