ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Փետրվարի 10-ին ժամը 22։20-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանի Ռոստովյան փողոցում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել նույն փողոցի հասցեներից մեկում բնակվող 77-ամյա Քնարիկ Կարապետյանին։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։ Վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական` դիմել է փախուստի։
Ավելի ուշ դեպքի վայրից մի քանի խաչմերուկ այն կողմ ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են «90 TԼ 001» համարանիշ և պարզել, որ տվյալ համարանիշի ավտոմեքենայով է վրաերթը եղել։ Ոստիկաններն ու քննիչները նաև պարզել են, որ գտնված համարանիշերը պատկանում են KIA մակնիշի մեքենային, որը հաշվառված է Երևանի Արարատյան փողոցի բնակիչ 38-ամյա Գեղամ Հովհաննիսյանի անվամբ։
Այսօր ժամը 00։10-ի սահմաններում Ոստիկանության Շենգավիթի բաժին է ինքնակամ ներկայացել Երևանի Արարատյան փողոցի բնակիչ 33-ամյա Սևակ Հովհաննիսյանը և հայտնել է, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր եղբոր անունով հաշվառված KIA մակնիշի 90 TԼ 001 համարանիշի ավտոմեքենայով։ Ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Մինչ Երևանի քննչական վարչության աշխատակիցները դեպքի վայրում զննություն էին կատարում, մահացածի` այնտեղ գտնվող տղայի ինքնազգացողությունը վատացել է, ինչի համար նրան նախ տեղում օգնություն են ցուցաբերել հավաքված քաղաքացիները, որից հետո շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։