ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Դահուկավազքի կանանց ազատ ոճով 10 կմ մրցատարածությունում այսօր մեկնարկ վերցրեց Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ Կատյա Գալստյանը: Վերջնագիծը հատելուց հետո նա, ինչպես և մեր մյուս դահուկորդ Միքայել Միքայելյանը, զբաղեցրեց 72-րդ տեղը:
Կանանց մրցումներում ընդհանուր առմամբ մասնակցում էին 90 դահուկորդուհիներ, որոնց թվում կային աշխարհի բազմակի չեմպիոններ տարբեր երկրներից: Հայ դահուկորդուհին մրցումներից հետո բավականին բարձր տրամադրություն ուներ և բավարար համարեց իր արդյունքը:
Ինչպես և տղամարդկանց մրցումներում, մենք մեծ ակնկալիքներ չունեինք մեր մարզուհուց: Մեկնարկից առաջ Հայաստանի պատվիրակությունը ոգևորում էր Կատյային` նշելով, որ նա հայտնվելու է 30 լավագույն դահուկորդուհիների ցանկում: Կատյան ժպտում էր, բայց նաև որոշակի հուզմունք էր զգացվում:
Մեկնարկում Գալստյանը բավականին լավ րոպեներ ցույց տվեց, բայց մրցատարածության երկրորդ հատվածում զիջեց դիրքերը։
«Ես շատ լավ հասկանում էի, որ ուժեղ մրցակցություն է լինելու, բայց ես էլ իմ առաջադրանքն ունեի՝ հնարավորինս լավ րոպեներ ցույց տալ: Բնական է, որ 72-րդ տեղը ոչ ոքի չի ուրախացնի: Բայց պատկերացրեք, որ ես հաղթել եմ մի շարք ուժեղ մրցակիցների, բացի այդ մի շարք ուժեղ մրցակիցների էլ շատ քիչ եմ պարտվել: Այնպես, որ իրական գնահատական տալով ելույթիս` այն համարում եմ բավարար»,- նշեց Կատյան:
Մեր հավաքականի մարզիչ Արթուր Միքայելյանն էլ համամիտ էր իր սանի հետ ու բարձր տրամադրությամբ մեզ հետ զրուցելով նշեց. «Ես հասկանում եմ, որ նրանք, ովքեր լսում են 72-րդ տեղի մասին` արդեն մտածում են, որ մեր մարզիկը շատ թույլ է: Ես կասեի, որ մրցակիցներն են պարզապես շատ ուժեղ: Կատյան գուցե կարող էր ավելի բարձր տեղ գրավել, բայց նրա մարզավիճակում նա արեց առավելագույնը, այնպես որ ես էլ Գալստյանի ելույթը համարում եմ բավարար»:



Այսպիսով` օլիմպիական խաղերում մեր երեք մասնակիցներից մեկն ավարտեց իր ելույթները Փհենչհանում։ 10 կմ ազատ ոճով մրցատարածությունում Կատյա Գալստյանը ցույց տվեց 30.24.11 ժամանակը:
Ի դեպ, առաջին անգամ Փհենչհանի օլիմպիական խաղերում երկու մարզուհիներ ցույց տվեցին բացարձակ նույն արդյունքը և կստանան իրենց մեդալը: Աշխարհի չեմպիոն նորվեգուհի Մարիտ Բյորգենը և ֆինն Քրիստա Պարմակոսին դարձան բրոնզե մեդալակիրներ, իսկ արծաթը բաժին հասավ շվեդուհի Շառլոտ Կալլային: Վաղը իր վերջին մրցելույթն է ունենալու Միքայել Միքայելյանը, որը կմրցի տղամարդկանց ազատ ոճով 15կմ մրցատարածությունում: