ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան, թուրքական ծագում ունեցող Մեսութ Օզիլը պատմել է, որ հայրենակիցները վիրավորել են իրեն` սպորտային կարիերայի առումով Գերմանիան ընտրելու համար։
Նա ասել է, որ ի սկզբանե ընտանիքի անդամներն էլ էին դեմ իր ընտրած ուղուն։
«Մայրս ուզում էր, որ Թուրքիան ընտրեմ։ Պատմում էր ինձ Զոնգուլդաքի մասին։ Նա և հայրս այդ քաղաքում են ծնվել։ Ես նույնիսկ եղել եմ այնտեղ։ Բայց այնտեղ ես ինձ տանը չէի զգում։ Իսկ հայրս, ի դեպ, Գերմանիայի կողմնակիցն էր», – ասել է ֆուտբոլիստը «Սովետսկի սպորտի» հետ հարցազրույցում։
Հետագայում Թուրքիայի հյուպատոսարանում չէին ուզում ընդունել Օզիլի թուրքական անձնագիրը, երբ նա արդեն հանձնում էր այն։
«Աշխատակիցները չէին ցանկանում նայել գործս։ Սակայն դա չէր կարող հավերժ տևել։ Երկրորդ օրն ամեն ինչ ստացվեց։ Սակայն դժվարություններս դրանով չավարտվեցին», – ասել է նա։
Գերմանիայի հավաքականի կազմում առաջին խաղից հետո ֆուտբոլիստը ստիպված է եղել փակել իր կայքը, քանի որ թուրք «հայրենասերները» նրա հասցեին բազում վիրավորանքներ էին գրում։ Նրանք չէին հասկանում` ինչու է խաղացողն այդպես վարվել։
Հիշեցնենք, վերջերս «Արսենալ» է տեղափոխվել նաև հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։ Նա վերջերս Օզիլին «իր դիրքում լավագույն խաղացող է» անվանել։