ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Լիբանանը պաշտպանում է հայ ժողովրդի ձգտումը` պահպանելու իր խաղաղության և ինքնիշխանության իրավունքը, ասել է Լիբանանի նախագահ Միշել Աունը` իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Երախտագիտություն հայտնեցի նախագահ Սարգսյանին` միջազգային կառույցներում Լիբանանին Հայաստանի աջակցության համար նրա առջև կանգնած խնդիրների պայքարում։ Ես նաև վստահեցրի, որ Լիբանանն, իր հերթին, Հայաստանի կողքին է և սատարում է նրա ժողովրդին խաղաղության, ինքնիշխանության և զարգացման բնական իրավունքները պաշտպանելու հարցում», – ասաց Աունը։
Նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Լիբանանում խոշոր հայ համայնք կա, որի ներկայացուցիչները` ի դեմս բարձրաստիճան պաշտոնյաների, ուղեկցում են նրան Հայաստան այցի ժամանակ։
«Հայերի դերը բարձր է գնահատվում մեր հասարակության մշակութային, քաղաքակրթական և սոցիալական ոլորտներում։ Նրանք նաև ազդեցիկ դեր ունեն Լիբանանի քաղաքական և տնտեսական կյանքում», – ասաց Աունը։
Այդ ոլորտների վրա, նրա խոսքով, լուրջ բացասական ազդեցություն է ունեցել Սիրիայի ճգնաժամը։ Լիբանանի առաջնորդն ընդգծեց, որ հակամարտության արդյունքում Լիբանանի առջև նոր մարտահրավերներ են ծառացել, առաջին հերթին, ահաբեկչական խմբերի ներթափանցման վտանգը։
Բացի այդ, նրա խոսքով, Լիբանանն ավելի քան 1.5 մլն փախստական է ընդունել, ինչը չի կարող չազդել երկրի սոցիալ–տնտեսական կյանքի վրա։
Աունը նաև նշեց, որ Իսրայելի հետ բարդ հարաբերությունների պայմաններում պատրաստ է պաշտպանել իր ցամաքային և ծովային սահմանները բոլոր օրինական միջոցներով և հույս ունի, որ միջազգային հանրությունը կօգնի իրեն այդ հարցում։
Վերջում Լիբանանի նախագահը շնորհակալություն հայտնեց Սարգսյանին Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին իրեն հրավիրելու համար։
Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Միշել Աունը պաշտոնական այցով առաջին անգամ է Երևան այցելում։ Լիբանանի պատվիրակության կազմում են ՆԳՆ ղեկավար Նուհադ Ալ Մաշնուկը, ԱԳՆ ղեկավար Ջեբրան Բասիլը, զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը, արդյունաբերության նախարար Հուսեյն Հաջ Հասանը, ինչպես նաև Դաշնակցություն կուսակցությունից Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հակոբ Բագրատունին։