ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. «Ելք» խմբակցության իրավաբանները պատրաստել են ՍԴ դիմում՝ ՀՀ նախագահի ընտրությունների շուրջ ստեղծված սահմանադրական խառնաշփոթի հարցով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«Դիմումով Սահմանադրական դատարանից պահանջում ենք հակասահմանադրական ճանաչել ԱԺ կանոնակարգի այն դրույթները, որոնցով նախատեսվում է Հանրապետության նախագահին ընտրել Ազգային ժողովում»,- գրել է նա։
Առաջարկվում է երկրի չորրորդ նախագահի ընտրություններն անցկացնել համաժողովրդական քվեարկությամբ։ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է ԱԺ 21 պատգամավորի ստորագրություն։
Փաշինյանը նշել է, որ ՍԴ դիմումի տեքստն ուղարկել են «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներին` առաջարկելով ստորագրել։
Նշենք, որ ավելի վաղ փաստաբան Վահե Գրիգորյանը հայտարարել էր, որ նոր Սահմանադրության 125–րդ հոդվածի համաձայն 4–րդ նախագահը չի կարող ընտրվել Ազգային ժողովի կողմից, քանի որ այդ կարգը սահմանող 125 հոդվածը ուժի մեջ է մտնելու ՀՀ 4–րդ նախագահի լիազորությունների ստանձնման հաջորդ օրը։ Ըստ փաստաբանի՝ ստացվում է, որ նախագահը պետք է ընտրվի նախկին Սահմանադրությամբ ամրագրված կարգով՝ ժողովրդի քվեով։