Արմենուհի Մխոյան, Sputnik.
ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի ռազմական բազայում նշվեց Հայրենիքի պաշտպանի օրը: Օրվա խորհրդով պայմանավորված` անցկացվեց հանդիսավոր հավաք: Միջոցառումը մեկնարկեց ՌԴ դրոշի մուտքով, ՌԴ և ՀՀ օրհներգերից հետո, այնուհետև ընթերցվեց ՌԴ ՊՆ շնորհավորական ուղերձը:
Օրվա ընթացքում շատ մաղթանքներ ու ցանկություններ հնչեցին, սակայն հիմնականը մեկն էր՝ խաղաղություն:
«Ամեն տարի փետրվարի 23-ին նշվում է Հայրենիքի պաշտպանի օրը: Այդ օրը մեծարանքի են արժանանում ոչ միայն վետերանները, այլ նաև նրանք, ովքեր այս պահին ծառայում են բանակում: Այս տոնը վաղուց արդեն ամենահարգված տոների շարքում է: Ես շնորհավորում եմ բոլոր նրանց, ում համար հայրենիքի պաշտպանությունը ոչ միայն պարտք է, այլև կյանքի նպատակ: Տոն օրերին ուզում ես գնահատել բոլորին: Շատ անգամներ է մեր ռազմաբազան բարձր արդյունքների հասել՝ պատվավոր տեղ զբաղեցնելով ՌԴ ԶՈՒ զորքերի շարքում»,-շնորհավորելով բոլորին տոնի առթիվ նշեց 102-րդ ռազմական բազայի հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովը:

Միացյալ խմբավորման զորքերի նորանշանակ հրամանատար գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանն էլ բոլորին խաղաղ երկինք մաղթեց։
«Թող ձեր զենքերը միայն ուսումնական զորավարժարաններում գործի դրվեն: Պետք է օրուգիշեր սովորել՝ վազել,կրակել, պարապել, բայց Աստված չտա` այդ սովորածը պետք գա»,-ասաց նա։
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր հերթին շնորհավորեց 102-րդ ռազմաբազայի հրամանատարներին ու զինվորներին` նշելով, որ հարգանքի տուրք է մատուցում զինվորական բոլոր սերունդների ներկայացուցիչներին, նրանց, ում ազգին ու հայրենիքին ծառայելու պատրաստակամությունը քաղաքացիների անվտանգության երաշխիքն է:

«Փետրվարի 23-ը արիության, զինվորական պատվի ու հայրենիքի պաշտպանության վեհ գործի օրն է: Այն միավորում է մեր ազգերի շատ սերունդներ»,- նշեց քաղաքապետը:
Այս տարի տոնը հոբելյանական է։ 1918թ. փետրվարի 23-ին Կարմիր գվարդիայի ջոկատներն առաջին անգամ հաղթանակ տարան կայսերական Գերմանիայի դեմ: Հենց այդ առաջին հաղթանակներն էլ դարձան «Կարմիր բանակի ստեղծման» հիմքերը: 1922 թվականին այդ օրը պաշտոնապես հայտարարվեց Կարմիր բանակի օր: Ավելի ուշ ԽՍՀՄ-ում փետրվարի 23-ը սկսեցին նշել որպես Խորհրդային բանակի և ռազմածովային նավատորմի համազգային օր: Խորհրդային միության փլուզումից հետո այդ օրը վերանվանվեց Հայրենիքի պաշտպանի օր:
Լավագույն սպաները, զինվորներն ու հրամանատարները պարգևատրվեցին ինչպես ՌԴ ԶՈՒ գլխավոր հրամանատարի, այնպես էլ 102-րդ ռազմաբազայի և Միացյալ զորամիավորման անունից:
Ավելի ուշ Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում տեղի ունեցավ զինտեխնիկայի ցուցադրություն, մարդիկ կարողացան ոչ միայն մոտիկից ծանոթանալ ռուսական զինված ուժերի զորամիավորումների զինտեխնիկային, այլ նաև տանկ նստել: Ցուցադրվող զինտեխնիկան տարաբնույթ էր` «Գրադ», «Ստրելա», «Հաուբից», զենիթահրթիռային համակարգեր և այլն: Ցուցադրությունը շատ էր հետաքրքրել նաև փոքրիկներին, որոնք հնարավորությունից օգտվելով` փորձում էին մի տեխնիկայից մյուսին անցնել: Ուշագրավ էր նաև հետախուզական խմբի ցուցադրական ելույթը:
Միջոցառումներն ավարտվեցին Պատվո Բլուր տարածքում պսակադրությամբ:

