Խուճապի չմատնվել. մարտի 1-ին Երևանում տագնապի ազդանշան կհնչի

CC BY 3.0 / Serouj / The SEUA on Teryan Str.Национальный политехнический университет Армении.
Национальный политехнический университет Армении. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարտի 1-ի կեսօրին մայրաքաղաքի կենտրոնում քաղաքապետարանը տագնապի ազդանշան կհնչեցնի։ Երևանցիներին հորդորում են խուճապի չմատնվել։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Վաղը` մարտի 1-ին, ժամը 14:30-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ` Երևանում շչակ կգործարկվի։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Որոշման համաձայն` Երևանի կենտրոնում` Տերյան 105 հասցեում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տարածքում նախապես հայտարարված ժամին քաղպաշտպանության ցուցադրական հատուկ ուսումնավարժություն է անցկացվելու, որի ժամանակ էլ գործարկվելու է ազդարարման շչակը:

«Հորդորում ենք ազդարարման շչակի ձայնից խուճապի չմատնվել»,- հայտարարում է քաղաքապետարանը։

Քաղաքային իշխանությունը պատճառվող ժամանակավոր անհանգստության համար հայցում է երևանցիների ներողամտությունը:

ՀՀ ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն` ազդարարման շչակից բացի, հնչելու է տագնապի ազդանշան:

Մարտի 1-ին նշվում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Այս տարի այն նշվում է «Քաղաքացիական պաշտպանությունը և ազգային կառույցները հանուն աղետների առավել արդյունավետ կառավարման» կարգախոսի ներքո:

Հատուկ տակտիկական ուսումնավարժության նպատակներն են.

• ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը՝ փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս.
• կատարելագործել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կազմավորումների և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը:

Մտահղացման համաձայն՝ հակառակորդը խախտել է հրադադարը և տարբեր տրամաչափի զենքերից սկսել է գնդակոծել ՀՀ սահմանամերձ համայնքները: Տեղեկություն կա, որ հակառակորդը սահմանին կուտակում է հրթիռային համակարգեր:

Ռմբակոծվել է նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 5-րդ մասնաշենքը։ Ռմբակոծության հետևանքով մասնաշենքը զգալիորեն վնասվել է, առաջացել են հրդեհի օջախներ և փլուզումներ, շարքից դուրս է եկել կոմունալ-էներգետիկ համակարգը, առկա է քիմիական աղտոտվածության վտանգ և կան տուժածներ:

Լրահոս
0