ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել Թբիլիսիում։ Տղամարդը մորթել է խորթ աղջկան` նրա երեխաների աչքերի առաջ։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Նաթիա Մեզվրիշվիլիին։
«Թբիլիսիի կենտրոնում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են 25 տարեկան կնոջ սպանության մեջ մեղադրվողին։ Տղամարդը կտրել է 25-ամյա աղջկա կոկորդը նրա երեխաների աչքի առաջ, որից հետո թաքնվել է հանցագործության վայրից։ «Կանխամտածված սպանություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել։ Այդ հոդվածը նախատեսում է 7-ից 15 տարի ազատազրկում», — հայտնում է Վրաստանի ՆԳՆ։
Դեպքը դատի է ունեցել Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկում՝ ապրիլի 13-ին։
Կասկածյալը նախկինում դատված է եղել ընտանեկան բռնության մեղադրանքով, սակայն նա ժամանակից շուտ է ազատ արձակվել։ Մասնավորապես, նա սպանվածի մորը ծանր առողջական վնաս էր պատճառել, որի համար 2015 թվականին դատարանը նրան մեղավոր է ճանաչել ու կալանքի դատապարտել։ Նրան ներում է շնորհվել ու 2017 թվականի մայիսի 25 –ին նա ազատ է արձակվել։
Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին Թեթելի գյուղում (Քվեմո Քարթլիի մարզ) ու առգրավել է նրանից սպանության ենթադրյալ գործիքը։ Համապատասխան փորձաքննություն է նշանակվել։ ՆԳՆ-ում չեն ճշտել՝ արդյո՞ք մեղադրյալն ընդունում է իր մեղքը։
Բացի այդ, քննությունը հայտնաբերել է, որ սպանությունից մի քանի ժամ առաջ աղջիկը մոր հետ ոստիկանության էր դիմել ու մոր համար պաշտպանական հրամանագիր խնդրել։ Նա մորից շուտ է լքել ոստիկանության բաժանմունքը՝ պատճառաբանելով դա անձնական գործերով։ Սպանության մասին ահազանգը եկել է պաշտպանական հրամանագիրը տալուց մի քանի ժամ անց։