ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Բաղրամյան պողոտայում, Սահմանադրական դատարանի մոտ ոստիկաններն արգելապատնեշներ են տեղադրել` փակելով փողոցը և ցուցարարներին թույլ չտալով բարձրանալ Բաղրամյանով դեպի վեր։
Մինչ այդ, սակայն, «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանը, Բաղրամյան պողոտայով վազելով, փորձում էր հասնել ավելի վերին հատվածներին` ակցիայի մասնակիցներին կոչ անելով հետևել իրեն։
Այսօր առավոտից Աբովյան փողոցում հավաքված ուսանողները, մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարակից հատվածում, նստելով փողոցի երթևեկելի հատվածում, փակել են տրանսպորտի ճանապարհը։
Ուղիղ կապով դիմելով Աբովյան փողոցում գտնվող ուսանողներին` Փաշինյանն ասաց. «Ապրեք երեխեք, դուք արեցիք այն, ինչ պետք է անեիք»։
Այս պահին ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան, Մոսկովյան և Աբովյան փողոցները։
Ցուցարարները փակված փողոցներում նաև բարիկադներ են կառուցել` երթևեկելի հատվածները պատնեշելով փողոցում տեղադրված նստարաններով ու աղբամաններով։
Ակցիայի մասնակիցները փողոցում քաղաքացիներին կոչ են անում հրաժարվել դասի ու աշխատանքի գնալու մտքից և միանալ իրենց։
Հիշեցնենք` քաղաքացիական անհնազանդության ակցիաները նախաձեռնել են «Իմ քայլը» նախաձեռնության կազմակերպիչները, որոնց նպատակն է խափանել Սերժ Սարգսյանի` վաղը նախանշված ընտրությունը ՀՀ վարչապետի պաշտոնում։