ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Ջուզեպե Գալատին (Իտալիա) և Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա) մայիսի 23-25-ին կժամանեն Հայաստան։ Կազմակերպության կայքում նշված է, որ համազեկուցողները մոնիտորինգի կենթարկեն Հայաստանի ստանձնած պարտավորությունները և կհավաքեն համապատասխան տվյալներ։
Քննարկումները հիմնականում կվերաբերեն վերջին քաղաքական զարգացումներին, նոր կառավարության առաջնահերթություններին և բարեփոխումներին:
Համազեկուցողները հանդիպումներ կունենան Հայաստանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի, ինչպես նաև արտաքին գործերի, արդարադատության և պաշտպանության նախարարների հետ:
Բանակցություններ են նախատեսվում նաև խորհրդարանում ներկայացված քաղաքական խմբերի, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների, դատական մարմինների, օմբուդսմենի, դիվանագիտական կորպուսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: