Ջրասույզ եղած ավտոմեքենաներ և տներ, զարմացած մարդիկ. եղանակի ապտակը քաղաքապետարանին

© Sputnik / Diana Atoyan Сильный дождь в Ереване
Сильный дождь в Ереване - Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի անձի շուրջ լարվածությունն ուժեղանում է, որը երևում է անզեն աչքով։ Ցույցերով չհաջողվեց ստիպել, որ քաղաքապետը հրաժարական տա։ Ամենայն հավանականությամբ, կողմերը ժամանակավոր անդորրն օգտագործում են ուժերի վերադասավորման համար։

Քաղաքապետարանի գործերի ամենաանաչառ վերլուծությունը ցույց է տալիս (և բոլորովին էլ ոչ միայն Տարոն Մարգարյանի ղեկավարության շրջանում), որ քաղաքապետարանի աշխատանքային մոտեցումներում պետք է գրեթե ամեն ինչ փոխել արմատապես։

Այս տարվա մայիսյան հորդառատ անձրևները, որոնք քառորդ ժամվա ընթացքում Երևանը վերածեցին հեղեղված քաղաքի, այս կառույցի լրջագույն բացթողումների վերջին դրսևորումն էին։ Ցանկացած հատվածում տեղացած անձրևն ու ձյունը արդեն տասնամյակներ շարունակ արտակարգ իրավիճակ են ստեղծում մայրաքաղաքում։

Проспект Мясникяна (23 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ջրի մեջ արգելափակվել են հարյուրավոր մեքենաներ, շենքեր է լցվել մի քանի տոննա ջուր

Այնպես չէ, որ ոչինչ չի արվում։ Փակ շուկայի մոտ գտնվող ստորգետնյա հատվածում հիսուն գծամետր խողովակներն ուղիղ մեկ ամիս փոխում էին` քաղաքի կենտրոնն «ապահովելով» խցանումներով և վթարների վտանգով։ Հնարավոր է` ես ճիշտ չեմ, այդ դեպքում թող մասնագետներն ուղղեն, չգիտես ինչու թվում է, որ այդ աշխատանքը կարելի է անել մի քանի օրում։

Ծայրահեղ դեպքում կարող էին գիշերային հերթափոխով աշխատել, չէ՞ որ մեզ համար այդքան կարևոր զբոսաշրջիկներն օդանավակայանից քաղաք մտնում հենց այս հատվածով։

Քաղաքային տրանսպորտի խնդիրն ինչպես եղել է, այդպես էլ մնացել է։ Այստեղ բացարձակապես ոչինչ չի արվում, այսինքն իրավիճակը միայն վատանում է։ Ամեն տարի նոյեմբերին հնչում են գալիք տարվա վիթխարի ծրագրերի խոստումները, երդումներ են տրվում և նույնիսկ թվեր ներկայացվում, որոնք նախանշում են արդեն «հատկացված միջոցների» չափը։ Ու ամեն ինչ մնում է այնպես, ինչպես եղել է։ Տպավորություն է, որ քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցներն արդեն ծիծաղում են դյուրահավատ ազգաբնակչության վրա` որերորդ անգամ կրկնելով նույն բանը։ Ի դեպ, մետրոպոլիտենի նոր կայարաններ բացելու մասին վաղուց ոչինչ չի լսվում։

Երբ ցանկացած քաղաքի մասին ասում են` «այն անճանաչելիորեն փոխվել է», ապա դա, որպես կանոն, նշանակում է, որ քաղաքը գեղեցկացել է, դարձել ավելի հարմարավետ և ավելի լավ։ Երևանի դեպքում` ճիշտ հակառակը։

Сторонники действующего мэра Тарона Маркаряна перед зданием городской администрации (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Կողմ» և «դեմ». միանգամից երկու ցույց` Երևանի քաղաքապետարանի դիմաց

Բոլորովին վերջերս Երևանը հարմարավետ, ինքնատիպ և անհավանական մարդկային քաղաք էր` հիանալի էներգետիկայով։ Այսօր, հիրավի, անճանաչելի է դարձել։ Կանաչ գոտիները քչանում են շագրենի կաշվի նման, յուրահատուկ հին տները, որոնք առանց այդ էլ շատ չեն, ինչ–որ մեկի քմահաճույքով հայտարարվում են «ցախատներ» և քանդվում զուտ մի նպատակով, որ դրա տեղում արագ կառուցեն արդեն իսկական ցախատուն, միայն արդեն քսանհարկանի։ Եվ վայելում ենք «հյուսիսային պողոտաները»` կազմված բազմահարկ թանկարժեք ցախատներից։

Երրորդ հանրապետության քաղաքապետարանի գոյության ամբողջ ընթացքում ընդամենը երկու–երեք իսկապես արժեքավոր շենքեր են կառուցվել, որոնցից մեկում, ի դեպ, գործում է հենց այդ նույն քաղաքապետարանը։

Բանը հասել է նրան, որ քաղաքի կենտրոնում տները քանդվում են գիշերվա կեսին, այն ժամանակ, երբ չարագործներն են գործի դուրս գալիս։ Կամ լկտիաբար քանդում են օրվա կեսին, ինչպես եղավ հին տպարանի դեպքում։ Հետո բոլորը հրաժարվում են. ոչ ոք ոչնչից տեղյակ չէ։ Մշակույթի նախարարությունում ընդհանրապես զարմանում են. պարզվում է` ոչ ոք բարի չի գտնվել տեղյակ պահել նրանց։ Թեև այս դեպքում վարչապետ Կարապետյանը հանձնարարեց շատ խիստ պատժել պայթեցնողներին` տուգանել երկու հազար դոլարով։ Դաժան պատիժ է, ինչ խոսք։

Հետո էլ այդ անհասկանալի նախագիծը` կենտրոնում «հին քաղաքի վերականգնումը»։ Այսինքն պետք է ոչնչացնել բնական կերպով ստեղծված իսկապես հին քաղաքը` իր փողոցներով ու խաչմերուկներով, բակերով ու դալաններով, իր հմայքով ու էներգետիկայով, որպեսզի տեղում կառուցեն քանդված շենքերի պատճենները։ Ի դեպ, խոսքը հյուղակների մասին չէ, որոնք շատ էին դեռ 30 տարի առաջ նույն կենտրոնում։ Խոսքը Աբովյան, Արամի, Պուշկին փողոցների մասին է, որոնցից գրեթե ոչինչ չի մնացել։

Ален Симонян на выставке Рубена Малаяна Революционные плакаты Армении (25 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Օրվա կադր. «մերժված Տարոնի» պաստառը` սրտի սփոփանք

Երևում է` Երևանի ներկա քաղաքապետարանում չկա մի ոլորտ, որտեղ չլինեն լրջագույն խնդիրներ։ Մահացու վտանգ ներկայացնող վերելակների թիվն անհաշվելի է դարձել, կամաց–կամաց մոտենում է ժամանակը, երբ սրընթաց կերպով և համատարած վթարային կդառնա խորհրդային շրջանի բնակֆոնդը։ Իսկ մենք կենտրոնում կառուցում ենք հերթական հյուրանոցը` ռեստորանով, իսկ դրա կողքին ռեստորան` հյուրանոցով, մի քիչ հեռվում` բնակելի ցախատուն, կներեք, բարձրահարկ շենք։

Բայց երեկոյան այդ բարձրահարկում հատուկենտ լույսեր են վառվում,, որովհետև փոքր կենտրոնում բնակելի մակերեսի մեկ քառակուսի մետրն անհավանական թանկ արժե։ Իսկ Չարբախում, Նուբարաշենում կամ Ներքին Շենգավիթում նման բարձրահարկեր չեն կառուցում կամ գրեթե չեն կառուցում. ձեռնտու չէ, ոչ էլ հարգի։ Հավանաբար շուտով ամբողջ Երևանը կտեղավորվի Կարապի լճին նայող տեսարաններով բնակարաններում։

Պետք է նաև լուծել քաղաքապետարանի և պարոն Նարեկ Սարգսյանի ղեկավարած քաղաքաշինության կոմիտեի գործունեության հարցը, ընդ որում լուծել այդ կառույցների գոյության պահից ի վեր։ Թե չէ ամեն ինչ Մարգարյանի վրա բարդելն անարդար կլինի։

Ամենագլխավորը, եթե անհրաժեշտություն ծագի փոխել քաղաքագլխին և կարևոր կոմիտեների ղեկավարությանը, ապա պետք է արվի ոչ ցույցերի ճնշման տակ, առավել ևս ոչ ինչ–որ մեկի կամային որոշմամբ։ Ամեն ինչ պետք է տեղի ունենա օրենքի ոգուն համապատասխան, քանզի նույնիսկ նվազագույն անօրինականությունը և կամայականությունը կարող են ծնել միայն նույնանման խնդիրներ։

Այդ ժամանակ օղակը կփակվի, և ամեն ինչ ստիպված կլինեն սկսել ամենասկզբից։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала