ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Երևանյան ամառը հազվադեպ է ուրախացրել տեղացիներին ու հյուրերին զով եղանակով։ Թերևս դրա համար 20-րդ դարասկզբին Թամանյանը բազմաթիվ զբոսայգիներ, շատրվաններ ու ջրավազաններ էր պատկերացնում մայրաքաղաքում։
Բայց… քաղաքն ամռանն առայժմ ուրախացնում է միայն ցայտաղբյուրների առատությամբ, որոնց դեմ էլ ի դեպ մարդիկ կան, որ փորձում են պայքարել։
ԱԻՆ–ն էլ «պայքարում» է արևահարման դեպքերի դեմ` հորդորելով մարդկանց ցերեկվա ժամերին, մասնավորապես 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից, լինել ստվերում, կամ գոնե` գլուխը ծածկել բաց գույնի գլխարկով կամ անձրևանոցով, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կլինի բարձր։
Դե, իսկ տեղումների հույս չունենաք. մինչև ուրբաթ եղանակն առանձնապես չի ուրախացնի` տատանվելով գիշերը 24-ից մինչև ցերեկվա 41 աստիճան շոգի միջակայքում։
Հույսի միակ շողը նշմարվում է ուրբաթ. օդերևութաբաններն այդ օրվա համար կանխատեսում են մեկ աստիճանով ցածր շոգ։