ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Մատնահետքերը նույնականացնող սարքերը չեն ապահովագրում կրկնաքվեարկություններից: Այս մասին այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների քննարկման ժամանակ հայտարարեց ԸՕ բարեփոխումների հարցերով կառավարությանն առընթեր հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:
«Մատնահետքի նույնականացման համաժամանակյա ցանց ստեղծելն անհնար է: Այս պարագայում նույն ընտրողը կարող է 10-20 անգամ քվեարկել տարբեր տեղամասերում` հաշվի առնելով մատների քանակը, ոտքի մատներինն էլ հետը»,- ասաց նա:
Նրա խոսքով` կառավարությունն այս պահին կրկնաքվեարկությունը բացառելու կոնկրետ տարբերակ չունի, կան միայն քննարկվող տարբերակներ: Բուռն քննարկման արժանացած հաջորդ հարցը խորհրդարան անցնելու համար ձայների նվազագույն շեմի սահմանումն է:
Ներկայիս օրենսգրքով կուսակցությունների համար սահմանված է 5, իսկ դաշինքների համար 7 տոկոս անցողիկ շեմ։ Փոխարենն առաջարկվում է սահմանել համապատասխանաբար` 4 և 6 տոկոս:
Աշխատանքային խմբի ՀՅԴ ներկայացուցիչ Սպարտակ Սեյրանյանը նշեց՝ չի կարելի ԱԺ մտնելու հնարավորություն տալ ամեն քաղաքական ուժի:
«Եթե քաղաքական ուժին հաջողվում է մի քանի տոկոսով ԱԺ անցնել, դեռ չի նշանակում, որ նա այդպես կայանում է: Դա նույնն է, թե երեք բալով Բժշկական համալսարան ընդունվեն, դառնան «բժիշկ» ու մարդ սպանեն: ԱԺ մտնելը սարքում եք փաբ մտնելու պես մի բան»,-դժգոհեց Սեյրանյանը:
Արձագանքելով պատգամավորին` Դանիել Իոաննիսյանը հիշեցրեց, որ 2017թ-ի ընտրություններում ընտրողների շուրջ 100 000 քվեները ստացած քաղաքական ուժերը չկարողացան հաղթահարել անհրաժեշտ շեմը, ինչի արդյունքում բավական մեծ թվով ձայներ փոշիացան:
Նշենք, որ հունիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկումներ սկսելու պատրաստակամություն հայտնել։
Հիշեցնենք՝ «Իմ քայլը» համաժողովրդական շարժումը գլխավորած և թավշյա հեղափոխության արդյունքում վարչապետի պաշտոնը ստանձնած Նիկոլ Փաշինյանը որպես անցումային կառավարության գերակայություն նշում էր Ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների բարեփոխումը, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման անհրաժեշտությունը։