ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Արագածոտնի մարզի Վարդաբլուր համայնքի նախկին ղեկավար Արտավազդ Գալստյանը պաշտոնավարման տարիներին չարաշահումներ է թույլ տվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
2014-2017 թթ. ընթացքում նա գյուղացիների հետ կեղծ պայմանագրեր է կնքել՝ նրանց պատկանող մեքենաները համայնքային նպատակներով շահագործելու վերաբերյալ, բայց մեքենաները չեն շահագործվել, իսկ պայմանագրով նախատեսված գումարները գյուղապետը դրել է գրպանը։
Պարզվել է նաև, որ տարբեր տարիներին Գալստյանը տեղակալ է հրամանագրել երկու անձանց, որոնք իրականում աշխատանքի չեն հաճախել։ Նրանց աշխատավարձերը ևս գյուղապետը յուրացրել է։
Այսպիսով, նախաքննական մարմնի հաշվարկով, Վարդաբլուր համայնքի նախկին ղեկավարը 2010-2017 թթ․նախնական հաշվարկով յուրացրել է շուրջ 4,5 մլն դրամ։
Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Արտավազդ Գալստյանին հայտնաբերելու ուղղությամբ։