ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Հոլանդական Maasdam տեսակի պանիրը Ուֆայում վաճառել են հայկականի անվան տակ: Այս մասին հայտնում է bashinform.ru-ն։
Կեղծիքը բացահայտել են Ուֆայի Օրջոնիկիձեի շուկայի մթերային խանութում։
Հոլանդական արտադրության Maasdam տեսակի պանիրը վաճառվել է հայկական պանրի պիտակով։ Առաջին հայացքից նման տարօրինակ կեղծիքի պատճառը պարզ է. Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և Ռուսաստանի սահմանած արգելքները մեր երկրին չեն վերաբերում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը արգելք է սահմանել ԵՄ-ից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ճապոնիայից և Ավստրալիայից ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների, հումքի և սննդամթերքի համար։
Ռոսսելխոզնադզորի և Բաշկորտոստանի մաքսատան փորձագետները կասկածել են, ստուգել պանիրը և պարզել դրա իսկական ծագումը։
Ռոսսելխոզնադզորի աշխատակիցներն առգրավել են 8 կգ «հայկական» պանիրը և ոչնչացրել են այն։