ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Հայաստանի նոր իշխանությունը սկսում է մեղադրել գեներալներին, և այստեղ որոշակի միտում է նկատվում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը` խոսելով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ներկայացված մեղադրանքի մասին։
«Տվյալ դեպքում խոսքը ոչ միայն Քոչարյանի մասին է, այլ նաև ռազմական գործիչներից շատերի, որոնք երկար տարիներ հստակ և ոչ երկիմաստ կարծիք են ունեցել Ադրբեջանի և մեր հարաբերությունների մասին։ Ես միտում եմ տեսնում, որ մեղադրանք է առաջադրվում հենց նրանց», — ասաց Հարությունյանը։
Երեկ` հուլիսի 26-ին, Ռոբերտ Քոչարյանը ներկայացել էր Հատուկ քննչական ծառայություն` մարտի 1-ի գործով հարցաքննության։
Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել և Հատուկ քննչական ծառայությունը նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ դիմել էր առաջին ատյանի դատարան։
Դատը հետաձգվել էր և շարունակվում է այսօր Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում։
ՀՔԾ-ն Քոչարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, այն է` սահմանադրական կարգը տապալելը։
2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին նույնպես մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: