ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման դեմ դիմում–բողոքը րոպեներ առաջ է ներկայացվել դատարան։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Արամ Օրբելյանը։
«Դա համարվում է անհապաղ դիմում, որի քննարկման համար օրենքով նախատեսվում է 3–օրյա ժամկետ»,– ասաց փաստաբանը` հավելելով, որ 3 օրը պետք է հաշվել դիմումը դատարան մուտք արվելուց հետո։ Ընդհանուր առմամբ, այս գործընթացը, Արամ Օրբելյանի հաշվարկով, կտևի մի քանի օրից մինչև 1 շաբաթ։ Ասել է թե` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին առաջին ատյանի որոշման վերանայման հարցով վերաքննիչ դատական նիստը կնշանակվի հաջորդ շաբաթվա առաջին օրերին։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։