ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել և ընթանում է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ նրա պաշտպանների վերաքննիչ բողոքի քննությունը:
Ինչպես տեղեկացրել էինք, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանին երկու ամսով կալանավորելու որոշումը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
Հիշեցնենք նաև, որ հուլիսի 31–ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստորագրահավաք է սկսել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պահանջով: Երաշխավորագրի տակ ստորագրել էր նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագրին միացել էին նաև պատգամավորներ ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունից։ Նույն խնդրով ՀՀ գլխավոր դատախազությանը երեկ` օգոստոսի 7–ին դիմել էին նաև Արցախի ԱԺ պատգամավորները։
Օգոստոսի 8–ին, ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել էր ՀՀ ԱԺ 45 պատգամավորի միջնորդությունը ՀՀ 2–րդ նախագահի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։