ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. 2018 թվականի օգոստոսի 13–ին ռուս սահմանապահները Արտաշատի սահմանապահ ջոկատի հատվածում, Եղեգնավան գյուղում ձերբակալել են մի տղամարդու, որն ապօրինի կերպով հատել է Արաքս գետով անցնող հայ-թուրքական սահմանը։
Նախնական տվյալներով` չարագործը 1993 թվականի ծնված Գվինեայի Հանրապետության քաղաքացի է։
Ձերբակալվածի խոսքով` նա Գվինեայի Հանրապետությունից Թեհրան է գնացել` բուհ ընդունվելու համար։ Թեհրան գալուց հետո նա տաքսիստի հետ է ծանոթացել ու խնդրել է երկրով էքսկուրսիա կազմակերպել։
Տաքսիստը տարել է նրան Թուրքիայի Հանրապետության տարածք` շրջանցելով անցակետերը։ Թուրքիայի տարածքում տաքսիստը վերցրել է իր անձնագիրն ու «Գյուրբուլաք» թուրքական ավտոմոբիլային անցակետի կնիքն է խփել։
Որից հետո նա վերադարձրել է անձնագիրն ու անհայտ ուղղությամբ հեռացել։ Երկու օր նա ապրել է Թուրքիայի տարածքում լքված շենքում, որտեղ նրանից խլել են իր ունեցած գումարն ու բջջային հեռախոսը։
Դրանից հետո սնունդ փնտրելիս` նա հատել է Արաքս գետն` այսպիսով խախտելով պետական սահմանը։
Այս պահին Հայաստանի իրավապահ մարմինները ստուգում են խախտողի վարկածն ու պարզում են միջադեպի հանգամանքները։
Օրենքով սահմանված կարգով ձերբակալվածին փոխանցել են ՀՀ իրավապահ մարմիններին։