ԵՐԵՎԱՆ, 21 Օգոստոս — Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 10 օր առաջ ՀՀ Կենտրոնական բանկից՝ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանի ստորագրությամբ, ուշագրավ գրություն է ուղարկվել «ՀՀ տարածքում գործող գրավատներին»՝ լոմբարդներին։
Առաջարկվել է «իրավապահ մարմիններին տրամադրելու նպատակով» 2-օրյա ժամկետում տրամադրել Միքայել Հարությունի Հարությունյանի, Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի և Յուրի Գրիգորի Խաչատուրովի կողմից կատարված «ցանկացած բնույթի գործարքի վերաբերյալ» տեղեկություններ։
Բնականաբար, նման գրություն են ուղարկվել նաև մասնավոր բանկերին, վարկային և այլ կազմակերպությունների։ Թեև տարօրինակ է, որ քննչական մարմինները կարծում են, որ այս անձինք լոմբարդում ոսկի կամ այլ թանկարժեք իրեր գրավադրած կլինեին, ինչը սովորաբար անում են հասարակության աղքատ խավերը»:
Հիշեցնենք, որ «Մարտի 1–ի» գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նախկին ՊՆ Միքայել Հարությունյանին։ ՀՀ Վերաքննիչ դատարանն ազատ արձակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Դատարանը հայտարարեց, որ բավարարում է պաշտպանների բողոքը, վերացնում է առաջին ատյանի դատարանի որոշումը` հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է, և նրա գործողությունները բխել են իր լիազորություններից։
Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ նախագահ Յորի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:
Նշենք, որ ներկայումս Խաչատուրովը Մոսկվայում է և իրականացնում է իր` ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի պարտականությունները: